«Պիկի փոխարեն ունենք տնտեսական էական անկում» (տեսանյութ)
Մոտ երեք տասնյակ գործարարներ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հրավիրվել էին քննարկման՝ վեր հանելու իրենց հուզող խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները: Հանդիպմանը ներկա էին կաթնամթերքի, ծխախոտի, հանքային ջրի արտադրության, դեղագործական եւ այլ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողներ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, առանձնացրեց ԵՏՄ տարածքում պետական գնումների խնդիրը: «Այս տարվա ընթացքում աշխատանքներ ենք իրականացրել ԵՏՄ տարածքում հայ գործարարների համար բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր հայ ընկերությունների հիմնական մրցակցային խնդիրն այն, է, որ իրացման հնարավորությունները փոքր են, շուկան սահմանափակ է: Այս առումով արդիական են պետական գնումների մրցույթները: Ցավոք, հայկական ընկերությունները չեն կարողանում մասնակցել՝ մի շարք ընթացակարգային խնդիրների պատճառով»,-ասաց նա՝ լրագրողների հետ առանձնազրույցում մանրամասներ ներկայացնելով. «Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը կապված է էլեկտրոնային ստորագրության հետ, քանի որ ԵՏՄ տարածքում գնումները կատարվում են էլեկտրոնային տարբերակով, եւ այս առումով կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ»: Շաբոյանը նշեց, որ քանի դեռ չեն լուծվել այդ խնդիրները, հայ գործարարները կարող են ԵՏՄ տարածքում մասնակցել գնումների՝ տվյալ երկրում ներկայացուցչությունների կամ դուստր ընկերությունների միջոցով: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Ա1+»-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին, նշեց. «Մենք, ըստ էության, այդպես էլ չվերլուծեցինք, միայն քննարկեցինք, թե ինչ կտա ԵՏՄ-ն, եւ ինչ են տալիս մեզ, որպես պետության, այն սանկցիաները, որոնք Ռուսաստանը կիրառում է եվրոպական երկրների նկատմամբ: Այն պարագայում, երբ ռուսական շուկան եվրոպական շուկայի հետ ունի լրջագույն խնդիրներ, մենք պետք է ունենայինք տնտեսական պիկ, սակայն ոչ միայն չենք ունենում այդ տնտեսական պիկը, այլեւ ունենք տնտեսական էական անկում: Մեր այս տարվա տնտեսական աճը բացառապես ապահովել է գյուղմթերքը, ընդ որում՝ ոչ վերամշակված»: ՏՄՊՊՀ-ն հանդիպման ընթացքում ներկայացրեց նաեւ կաթնամթերքի եւ հանքային ջրի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ ոլորտում առկա են խոշոր ընկերություններ: Մասնավորապես, կաթնամթերքի շուկայում առաջատար երեք ընկերություններին (Աշտարակ-կաթ ՓԲ, Դուստր Մարիաննա եւ Թամարա եւ Անի ՍՊԸ) բաժին է ընկնում շուկայի ծավալի ավելի քան 80 տոկոսը, հանքային ջրի շուկայում առաջատար երեք ընկերություններին (Ջերմուկ Գրուպ, ՌՌՌ հանքային ջրերի գործարան եւ Ջերմուկ Մայր Գործարան ՓԲԸ) բաժին է ընկնում շուկայի ծավալի շուրջ 90 տոկոսը: Պանրի շուկայում առաջատար երեք ընկերություններին (Բի եւ Ջի Ֆուդ, Դուստր Մելանյա եւ Արաքս-2 ՍՊԸ) բաժին է ընկնում շուկայի ծավալի շուրջ 45 տոկոսը: