Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարիֆի վզին են փաթաթելու». ՎիվաՍելից 755 մլն յուրացնելու գործով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

Հասարակություն
pastabanner-nkar

«Վիվասել» ընկերությունից ավելի քան 755 մլն դրամի յուրացման մեջ մեղադրվող Աշոտ Կույումջյանի գործով նախաքննությունը ավարտվել է: Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ նախաքննությունը ընթացել է բազմաթիվ թերություններով եւ նույնիսկ հաշվետվությունները չեն ստուգվել: Աշոտ Կույումջյանը ըստ մեղադրանքի ՝ 755 մլն դրամը յուրացրել է 2010-2014 թթ –ին, որից 500 մլն-ը մեկ տարում՝ 2013-2014 թթ-ին: «Մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, Խաչիկյանենց գործը հիշում եք չէ եւ Դատական դեպարտամենտի գործով այդ ամբողջ յուրացված գումարները, գումարած իրար՝ 2 անգամ պակաս է այս գումարից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կարեն Մեժլումյանը: Պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները նախաքննության ընթացքում մերժվել են՝ պատճառաբանությամբ, որ ցանկանում են Աշոտ Կույումջյանին ազատել պատասխանատվությունից: «Չպետք է տանեն եւ ուրիշի արարքի համար պատասխանատվության ենթարկեն»,- ասում է փաստաբանը: Նա նույնիսկ այսօր նաեւ ձայնագրությունից մի հատված ներկայացրեց, թե ինչպես են «Վիվասել»-ի վարչության պետերը եւ տեղակալները խոսում իրար հետ. «Հեռախոսազանգով ասում են խեղճն էլ հեսա երեխա է ունենալու, կինն էլ հղի է, հեսա ամբողջը հարիֆի վզին են փաթաթելու, գնա նստի»,- ասաց Կարեն Մեժլումյանը: Գործով մյուս պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ավելացնում է, որ այդ յուրացված գումարը ֆանտաստիկայի ժանրից է: «Մեր կարծիքով՝ այստեղ հարցի էությունը կայանում է նրանում, որ որոշակի ծրագրային հնարքների միջոցով, ինչ- որ մի բան կատարվել է եւ այդ ծրագիրը որեւէ մեկը չի տեսել: Չի տեսել նաեւ մեր պաշտպանյալը եւ այդ մնացորդը չի երեւացել»,- ասաց նա: Ինեսա Պետրոսյանի խոսքերով՝ 2014 թ, երբ   Աշոտ Կույումջյանը տեսել է այդ ամենը, գնացել է ղեկավարության մոտ եւ տեղեկացրել, որ այդպիսի խնդիր կա, սակայն ասել են, որ դա ծրագրային խնդիր է եւ կլուծեն: Սակայն մեկ ամիս հետո դիմել են իրավապահներին: Ի դեպ, 400 հատոր ունեցող գործն արդեն մակագրվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել: