«Եթե հանրաքվեին ձյուն գա, մարդիկ կլինեն, որ հագուստ չեն ունենա դուրս գալու» (տեսանյութ)
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 5-10-ը՝ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, 3300 քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել։ «Նրանց 25 տոկոսը չի հետաքրքրվում քաղաքականությամբ ու սահմանադրական փոփոխություններով, 10 տոկոսը չի գնալու հանրաքվեին։ Իսկ հարցվածների 65 տոկոսն ակտիվ ընտրողներն են, որոնց 2/3-ը կողմնորոշված չի։ Այսինքն, այո և ոչ քարոզողները նրանց հետ պետք է աշխատեն»,-նշեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։ Ինչո՞ւ շատ քաղաքացիներ դեռ կողմնորոշված չեն. «Շարքային քաղաքացին, երբ հեռուստացույց է դիտում, նա չի կարող ոչինչ հասկանալ պատգամավորների խոսքից։ Նրան պետք է մեկը պարզ լեզվով բացատրի՝ հարցն ինչումն է։ Ամենաչկողմնորոշվածը կանայք են, մասնավորապես՝ տնային տնտեսուհիները և եթե տնային այցեր լինեն, դրանք կարող են նպաստել, որպեսզի նրանք որոշեն՝ այո, թե ոչ են քվեարկելու։ Իսկ ամենից հստակ կողմնորոշվածը բարձրագույն կրթություն ունեցող, մասնավոր ծառայողներն են»,-ասաց պարոն Ադիբեկյանը։ Հանրաքվեին մասնակցության առումով դեր կարող է ունենալ անգամ եղանակը. «Եթե այդ օրը ձյուն կամ անձրև գա, կարող է ակտիվությունը նվազեցնել, քանի որ մարդիկ կան՝ նորմալ հագուստ չունեն նման եղանակին դուրս գալու»։ Սոցիոլոգը նաև շեշտեց, որ իշխանությունն, անշուշտ, ավելի մեծ ռեսուրս ունի, քան ընդդիմադիր ուժերը, որոնք կողմ չեն նոր սահմանադրությանը։ «Գյուղերում հատկապես իրավիճակն այլ է. համայնքների ղեկավարները մեկի լույսի վարձը կարող են օգնել մուծել, մյուսին այլ կենցաղային հարցում օգնել։ Եվ եթե այս օրերին նրանք մտնեն գյուղացիների տները, մեծ ձայներ կբերեն»։