A
A
Հայաստանի չեմպիոնը առաջին անգամ կխաղա հավաքականում
Գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանն այսօր իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում: Իսլանդիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր ազգային թիմը կմրցի Անգլիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանն առաջին անգամ փոփոխություն է կատարել մեկնարկային կազմում: Նորվեգիայի հետ խաղում պարտություն կրած Սերգեյ Մովսեսյանի տեղը հանդես կգա Հայաստանի 2015 թվականի չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը: Նա սպիտակներով ուժերը կչափի գրոսմայստեր Գավայն Ջոնսի հետ: Ի դեպ, շախմատի Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում նույնպես կհանդիպի Անգլիայի ընտրանու հետ: Մեր թիմը հանդես կգա նույն կազմով, որը երեկ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Թուրքիայի ազգային թիմի հետ: