Շոուն հետաձգվում է՝ Փարիզի դեպքերի պատճառով
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախանշված «Սառույցի թագավորները»՝ հանրահայտ գեղասահորդների մասնակցությամբ, համերգային ծրագիրը հետաձգվում է։ Այս մասին հայտնում է «Շոուսթար» փրոդաքշնը։ Շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և մասնակիցները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայից Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր իրենց երկրի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ: «Ցավոք, խումբը չի կարող ներկայանալ՝ առանց շոուի առաջատար կատարողների: Մենք խորապես ցավակցում ենք Ֆրանսիայի քաղաքացիներին և խնդրում հանդիսատեսին ըմբռնումով մոտենալ համերգի հետաձգմանը»,-նշում է շոուի պրոդյուսերը: Նշենք, որ համերգը տեղի կունենա հաջորդ տարվա մարտի 5-ին։ Տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն իսկ ձեռք բերված տոմսերը համարվում են ուժի մեջ՝ մարտի 5-ին կայանալիք համերգին ներկայանալու համար: Արի Զաքարյանը վստահեցնում է, որ համերգն անպայման կայանալու է։ Իսկ տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի բոլոր տոմսարկղերում: