Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անչափահասի դանակահարություն Շիրակում

Պաշտոնական
g_image.php_

2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:25-ին, Գյումրու «Ավստրիական» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակված-կտրած չթափանցող վերք, արնահոսություն, հեմատոմա» վնասվածքով բուժօգնության է դիմել Շիրակի մարզի  անչափահաս մի բնակիչ:  Հիվանդանոցի  դատական դեպքերի մատյանի զննությամբ պարզվել է, որ անչափահասը հայտարարել է, թե դաշտում կաղամբ հավաքելիս ընկել է և ձեռքի դանակով վնասվել։ Մինչդեռ  անչափահաս տղայի հայրը գրավոր  հաղորդում է տվել, որ տղային  դանակով հարվածել ու մարմնական վնասվածք է պատճառել իրենց համագյուղացի մի տղա, ով ևս անչափահաս է։  Վերջինիս ինքնությունը պարզվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Տուժած անչափահասը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և, ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէ բացատրություն տալ: Վերցվել են դեպքի պահին երկու անչափահասների հագին եղած հագուստները։ Գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին