Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկեք, միացեք մեզ». ՀՀԿ-ականը՝ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցչին (տեսանյութ)

Քաղաքականություն
Xosrov-Andrias-nkar

«Ընդդիմադիրներից շատերն իրենք էին նախկինում տեսնում նոր սահմանադրության, հատկապես՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու անհրաժեշտություն։ Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին ձեռնամուխ լինել այդ գործին, բայց նա չցանկացավ»,-այսօր հիշեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Նրա կարծիքով՝ այժմ այդ ուժերը դեմ են, քանի որ խնդիրը նոր սահմանադրություն առաջարկողն է։ Պարոն Հարությունյանը վստահեցնում է, որ այս սահմանադրությունը նոր հեռանկարներ կբացի ընդդիմադիրների առջև։ «Միշտ եթե իշխանությունը 50+1 էր հավաքում խորհրդարանում, արդեն ինչ նախագիծ ուզեր, կանցկացներ։ Եվ այդ դեպքում եթե ընդդիմությունն իրեն խարակիրի էլ աներ, ոչինչ չէր փոխվելու։ Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այս նոր համակարգին ընդդիմադիրները դեմ»։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը հակադարձեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ համագործակցել, քանի որ դա կնշանակեր լեգիտիմացնել շինծու իշխանությունը»։ Բացի այդ, նա շեշտեց, որ իշխանությունը մշտապես կաշառքի միջոցով է հասել իր նպատակներին. «Զանգվածային կաշառքը կրիմինալիզացրել է մեր հանրությանը»։ «Եկեք, միացեք մեզ, այո ասեք սահմանադրությանը, հետո ձեր ռեսուրսը օգտագործեք, 2017 թվի ընտրություններին թեկուզ 90 տոկոս վերցրեք խորհրդարանում։ Հոյակապ տարբերակ է»,-պարոն Ղուկասյանին առաջարկեց ՀՀԿ-ական պատգամավորը։ «Այս առաջարկին միանալու խոչընդոտն այն է, որ մենք դիտարկում ենք Հանրապետական կուսակցությունը որպես սահմանադրությունը խախտող։ 16 տարի իշխանության գտնվելու ընթացքում, ըստ էության, կազմակերպված հանցավոր խմբի վերածված մի ուժ, որն ինքն է տապալել սահմանադրական կարգի հիմքերը և յուրացրել է իշխանությունը»,-պատասխանեց «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչը։