Հայտնի են «Ռոլան» մանկապատանեկան փառատոնի հաղթողները
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր երեկոյան «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 11-րդ փառատոնն ամփոփեց մրցույթի արդյունքները: Մինչ փակման հանդիսավոր արարողության մեկնարկը, «Ա1+» -ի թղթակցի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ, «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ասաց. «Այն, ինչ մտածված էր, իրականացավ երևանյան փուլում, փառատոնը շարունակվում է. մեզ սպասում են ՀՀ մարզերում, Արցախում եւ Ջավախքում: Լեփ-լեցուն էին դահլիճները, ինչը խոսում է փառատոնի կայացած լինելու մասին»: Նունե Մանուկյանը հիշեց նաեւ, որ աննախադեպ՝ 1600-ից ավելի հայտ են ստացել այս տարի, որոնցից միայն 154-ն են ընդգրկվել փառատոնի ծրագրում: Նա նաեւ կարեւորեց փառատոնի շրջանակներում մեկնարկած բարեգործական ակցիան, որն ուղղված է սահմանամերձ գյուղերի կարիքավոր երեխաներին օգնելուն: «Ես չէի սպասում, որ այդքան զանգեր եւ օգնություն կստանանք անհատներից, կազմակերպություններից: Բարեգործության ինստիտուտը պետք է երեխաներից սկսվի. ինչքան շուտ ձեւավորենք երեխաների մեջ բարեգործություն անելու մշակույթը ,այնքան ավելի շատ կլինի բարի կամքի դրսեւորումը հետագայում»,-ասաց նա: «Ռոլան-2015»-ում գրան պրի ստացավ «Սիկոս» ֆիլմը (Նիդերլանդներ, 2013): Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ ճանաչվեց «Շանա-Գայլի երաժշտությունը» ժապավենը (Կանադա, Շվեյցարիա, 2014), իսկ կարճամետրաժ՝ «Երազ տեսա»(Իսպանիա, 2013): «Ապագան՝ առանց Ցեղասպանության» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացան «Տղաս, ու՞ր է Եփրատը» (Հայաստան, 2015), «Վանա ծովուն արշալույսը» (Հայաստան, 2011) եւ«Մեծ մորս դաջվածքները» (Շվեդիա, 2011) ֆիլմերը: