«Նավթի և գազի արդյունահումը պետք է կասեցվի. վտանգված է նաեւ մեր ատոմակայանը» (տեսանյութ)
Ադրբեջանում նավթի և գազի երկարատև անկառավարելի արդյունահանման հետևանքով Կովկասյան ամբողջ տարածաշրջանը սեյսմիկ-գեոդինամիկ մեծ անտրոպոգեն աղետի շեմին է հայտնվել: Այս մտահոգությունը բարձրաձայնում են Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյան-Ակլունցը և «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրանք համոզված են, որ տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակի վատացման պատճառն Ադրբեջանի մերձկասպյան և կասպյան տարածքների երկրակեղևում ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ- գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսներն են, որոնք առաջացել են նավթի արդյունահանման պատճառով: Մանե Հակոբյան-Ակլունցը հարեւան երկրի այսպիսի վիճակին հետեւում է արդեն տասնյակ տարիներ, բայց այսօր ըստ նրա վտանգն ավելանում է. «Իջևանի, Տավուշի մարզի ամբողջ տարածքում սողանքներ են շարունակ լինում, դրանք այդ ամենի հետևանքներն են: Վտանգված է նաև Սևանա լիճը, եթե նկատել եք, վերջին ժամանակներում փոքր մագնիտուդի երկրաշարժեր են լինում Գավառ քաղաքի տարածքում: Վտանգված է նաեւ մեր ատոմակայանը»: «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մտահոգված է՝ այդ աղետները կխոցեն ոչ միայն Ադրբեջանի տարածքը, այլև ծանր հետևանքներ կունենան Հայաստանի եւ Վրաստանի համար: «Հունիսին Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղը հենց այդ մարդածին պրոցեսների հետևանքն է: Պետք է նավթի և գազի արդյունահանումը կասեցվի, տուժելու ենք նաև մենք: Ադրբեջանը չի կարող անտեսել մեր բոլորի շահերը»: Բանախոսների պնդմամբ՝ պետք է նաեւ միջազգային կառույցների ղեկավարության ուշադրությունը հրավիրել: Հենց դրա համար էլ նրանք բաց նամակով դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ՄԱԿ ԱԽ նախագահին, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներին, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, ԵՄ, ԵԽ, ԵՀ ղեկավարներին եւ Սերժ Սարգսյանին: