Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերգո Կարապետյանի աղոթքը փրկեց» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Bagrat-Asatryan-nkar

«Եկեք հեքիաթը մի կողմ դնենք»,-հաջորդ տարվա բյուջեի նախագծի՝ սոցիալական լինելու մասին խոսակցություններին այսպես արձագանքեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Ասում է՝ ինչպես նախորդ տարիներինը, զարգացման, առաջընթացի բյուջեներ էին, հիմա էլ նույն տրամաբանությամբ սոցիալական բյուջե է, որից ժողովրդին օգուտ չկա։ Նրա գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ, տնտեսության վիճակը երկրում տխուր է։ «Ծախսերը կատարվում են՝ բյուջեի դեֆիցիտի հաշվին։ Բանկային համակարգը կաղում է, շահութաբերության անկում կա։ Հայաստանում փող կա, բայց ներդրումային այլընտրանքի բացակայության պայմաններում դրանք գալիս, նստում են բանկում՝ ավանդների տեսքով։ Մեր տնտեսությունը նման է լարախաղացի, շատ փորձառություն չունի, այդ պարանն էլ, որ քաշված է, մաշված է և ամեն վայրկյան կարող է ընդհատվել»,-շեշտեց պարոն Ասատրյանը։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը վերջերս նշում էր, որ բյուջեն, անշուշտ, սոցիալական է, տնտեսագետը նշեց. «Այդ Հանրապետականին ասեք՝ զգույշ եղեք այդ սոցիալականի հետ, որովհետև դուք ոչ մի զարգացում չեք նախատեսում»։ Այն, որ 2016-ի բյուջեով աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում նախատեսված չէ, մասնագետին մի եզրահանգման է բերել. «Իշխանությունը գնում է աղքատության մակարդակի բարձրացման։ Այս բյուջեն ական է, որի հետևանքով աղքատության մակարդակը հասնելու է 35 և ավելի տոկոսի։ Բյուջեի ծախսերն ավելացել են 5,8 տոկոսով։ Օրինակ փողոցների լուսավորության համար պարզվում է՝ մոտ 2 մլրդ դրամ է տրամադրվելու։ Փաստորեն, մենք որոշել ենք այդքան գումար հատկացնել միայն լուսավորությանը»։ Միայն գյուղատնտեսության ոլորտում աճ ունեցանք, այդ էլ՝ պարոն Ասատրյանի խոսքով՝ եղանակի շնորհիվ։ «Բացի այդ, հիշում եք՝ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասում էր՝ մտել եմ եկեղեցի, աղոթել եմ։ Այդ աղոթքն է մեզ փրկել»։ Պատճառը, որ տնտեսությունը չի զարգանում, ԿԲ նախկին նախագահը գլխավորապես մի հանգամանքով է պայմանավորում. «Հայաստանում իշխողը մենաշնորհներն են, մասնավորապես՝ քաղաքական մենաշնորհը։ Կա իշխող ուժ, որը ոչնչացնում է ցանկացած այլընտրանք»։