«Սիրիայի հայ արհեստավորները գնում, աշխատում են իսլամիստների մոտ» (տեսանյութ)
Ռուսական օդուժի միջամտությունից հետո իրավիճակը Քեսաբում փոքր-ինչ կայունացել է։ «Մոտ 1000 հայ վերադարձել է Քեսաբ»,-այսօր հայտնեց պատմաբան Գևորգ Յազեչյանն, ով երկար տարիներ ապրել է Սիրիայում։ Ասում է՝ կա հայկական մի քանի գյուղ, որտեղ գրեթե հայություն չի մնացել։ «Յակուբի և Կնիե գյուղերի մասին գրեթե չի խոսվում։ Այնտեղ հայկական ծագում ունեցող մարդիկ են, բայց արաբախոս։ Յակուբեցիների մի մասը հիմա Քեսաբում է ապրում։ Բայց Կնիեից չեն կարողանում այնտեղ գնալ»։ Պաշտոնական տվյալով, Սիրիայում պատերազմի արդյունքում 15-17.000 հայ տեղափոխվեց Հայաստան։ Սիրիահայ պատմաբանի տվյալով՝ նույնքան էլ Բեյրութում են։ Պարոն Յազեչյանն ուշագրավ մի հանգամանք նաև ներկայացրեց. «Որոշ հայ արհեստավորներ պարբերաբար գնում, աշխատում են իսլամիստների իշխանության ներքո։ Դե քանի որ աշխատանք չունեն, գումարի կարիք կա և ասում են, որ այդ մարդիկ լավ էլ վճարում են։ Հայերն աշխատում են նրանց մեքենաների նորոգման վրա ու ետ վերադառնում»։ Ընդհանուր առմամբ, պատմաբանի խոսքով՝ ամբողջ Սիրիայում այս ընթացքում 60 հայ է զոհվել։ «Քաղաքային հատվածում 50 հոգի է սպանվել և 10 հոգի էլ՝ բանակում ծառայելիս»։ Արդյո՞ք սիրիահայերը կմնան Հայաստանում, թե՞ կվերադառնան Սիրիա, պարոն Յազեչյանն այս առնչությամբ նշեց. «Զգալի մասը հաստատվել է այստեղ՝ հայրենասիրական մղումներից, նաև՝ Սիրիայում այլևս հեռանկար չտեսնելու խնդրից ելնելով։ Որոշ մասը նախընտրում է Թուրքիան, դե այդպիսի մարդիկ էլ, անշուշտ, պիտի լինեին։ Եվ կան սիրիահայեր, ովքեր սպասում են իրենց վիզաներին՝ այլ երկրներ մեկնելու համար»։