Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էական գնաճ է սպասվում». ԱՎԾ (տեսանյութ)

Տնտեսություն
Gner-nkar

Վերջին 10 տարիների ընթացքում երկրորդ դեպքն է, որ հոկտեմբեր ամսին հանրապետությունում պարենամթերքի գնանկում է արձանագրվում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ԱՎԾ Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ «Դա հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ մրգի և բանջարեղենի գնանկմամբ»,-շեշտեց նա։ Նախորդ ամիս՝ սեպտեմբերի համեմատ, 0,4 տոկոս է եղել գնանկումը։ «Հիմա խանութներից կարելի է անգամ 150 դրամով խաղող գնել»,-ասաց պարոն Մարտիրոսյանը։ Սա, անշուշտ, պայմանավորված է այս տարվա խաղողի առատ բերքով։ Հարցին, թե ո՞ր ապրանքատեսակներն են, նախորդ տարվա համեմատ, ավելի թանկ, մասնագետը նշեց. «Դեղձի գները հիմա 23 տոկոսով բարձր են, եթե համեմատենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ավելի բարձր են նաև կանաչ պղպեղի, գազարի կաղամբի գները։ Սեպտեմբերին բարձր էին նաև կարտոֆիլի գները՝ միջինում 88 դրամով, սակայն հիմա հակառակ պատկերն է»։ Հոկտեմբերի վերջին օրերի դիտարկումը, սակայն, ցույց է տվել, որ գնանկումը երկար չի տևի։ «Վերջին երկու տասնօրյակի դիտարկմամբ պարզ է, որ գյուղատնտեսական ապրանքների էական գնաճ է սպասվում»,-նշեց պարոն Մարտիրոսյանը։