«Ինչպես դիմադրությունը կազմակերպել և վերածել ապստամբության» (տեսանյութ)
«Մենք եղել ենք մարզերում եւ խոսել գյուղացիների հետ: Նրանցից ոչ ոք չի հարցնում՝ Սահմանադրության նոր նախագիծը լա՞վն է, թե՞վատը: Բոլորը գիտեն, որ այն վատն է». Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ ժողովրդի տարակարծությունը վերաբերում է հետեւյալին. «Եթե մենք ասենք «ոչ», այդ «ոչը» դառնալու է «այո», ո՞նց ենք սրա դեմն առնելու»,-նշեց Զուրաբյանը: Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ընտրակեղծիքներից խուսափելու համար դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ պետք է ապահովել երկու բան. «Առաջինը՝ հանրահավաքների ակտիվ պայքար եւ վերահսկողություն՝ ընտրատեղամասերում»: ՀԱԿ պատգամավորը նշեց նաեւ, թե իշխանությունը ինչ մեթոդներով կարող է կեղծել հանրաքվեի արդյունքները: «Ընտրակաշառքների բաժանում, որը, սակայն, անարդյունք է լինելու, քանի որ գումարը քիչ է, բազմակի քվեարկություններ, որոնք կարվեն Երեւանում, քանի որ գյուղերում մարդիկ միմյանց դեմքով գիտեն, եւ դժվար թե որեւէ մեկը երկու անգամ կարողանա քվեարկել, ինչպես նաեւ Սյունիքի մարզում՝ օգտագործելով Սուրիկ Խաչատրյանի ահաբեկչական մթնոլորտը: Իսկ վերջին մեթոդը կլինի հանրաքվեի ավարտին տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծումը»,-եզրափակեց նա: