Ընկալվում ենք որպես ՌԴ ածանցյալ՝ իր վատ հետևանքներով
«Ռուսական օդանավի ընկնելուց առաջ ես կարծիք էի հայտնել, որ Ռուսաստանի դեմ տեռորիստական ակտ կիրականացվի: Շատ հավանական է, որ դա հենց այդպես էլ լինի». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արա Պապյանը: Նա չի բացառում, որ Արեւմուտքի հետ Ռուսաստանի խնդիրները կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա: «Այդ տեռորիստական գործողությունները կարող են շարունակվել եւ անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա, քանի որ մենք այսօր աշխարհի կողմից ընկալվում ենք որպես Ռուսաստանի ածանցյալ, հետեւաբար կարող ենք դառնալ թիրախ»,-նշեց նա: Պատմաբանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը Սիրիայի հարցում ստիպված է ընտրել վատի եւ ավելի վատի միջեւ: Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանը հաջողության կհասնի սիրիական հարցում, սակայն դա շատ կարճ կտեւի: Ըստ Արա Պապյանի՝ Ռուսաստանը կայսրության հոգեւարքի մեջ է. «Ռուսաստանը փորձում է Սովետի դեր ստանձնել, բայց նա չունի այդ հնարավորությունները»,-եզրափակեց Պապյանը: