«Արդյոք ճի՞շտ արեցինք, որ բարձրացրինք աշխատավարձերը»
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարարի առաջին տեղակալին, հետաքրքրվեց. «Ինչպես հասկացանք՝ մինչեւ 2017թ. թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվելու: Զուտ բյուջեի պրագմատիզմից ելնելով՝ ինչպես դուք նշեցիք, սոցիալական նվազագույն զամբյուղը հակասության մեջ չի՞ մտնելու, իսկ ես վստահ եմ, որ այս ընթացքում մենք անպայման ունենալու ենք գնաճ»: Պավել Սաֆարյանը հաստատեց, որ աշխատավարձեր ու թոշակի բարձրացում չեն նախատեսել. «Սակայն եթե առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի բարձր լինեն, իհարկե դա սոցիալական ճեղք կունենա»: Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ, իհարկե, այդ ամենը սոցիալական լուրջ դժգոհության ալիք կբարձրացնի. «Անգամ ամենահպանցիկ մոնիթորինգն անցկացնելով խանութներում՝ կտեսնենք տասը-քսան դրամ սահուն բարձրացնում են կաթնամթերքի կամ այլ ապրանքների գները, արդյունքում հսկայական գնաճ է լինում: Մենք կքննարկենք ու միգուցե ԲՀԿ-ն նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման առաջարկ անի»: Տիկին Զոհրաբյանը նաեւ անդրադարձավ սահմանապահ գյուղերի խնդրին. «Գիտեմ, որ ձեր պրագմատիկ բյուջեում պրեսինգ կլինի, սակայն գոնե այս համայնքների բնակիչների ավանդները գոնե նրանց մահից հետո փոխհատուցվեն նրանց ժառանգներին: Նրանց թիվը շատ փոքր է»: Պավել Սաֆարյանը նախ հայտարարեց, որ ներկայումս այդ ավանդները չեն փոխհատուցվելու, իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի ավելացմանը, ապա սոցիալական վիճակի վրա այն շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ. «Անցած տարի կտրուկ բարձրացրինք աշխատավարձերը, ու հիմա մտածելու առիթ կա՝ արդյոք ճի՞շտ արեցինք: Իսկ անտանելի, անընդունելի բարձրացումներ չեն լինելու գների: Թոշակներն էլ հնարավոր կլինի բարձրացնել, եթե կարողանանք լրացուցիչ գումարներ գտնել, որոնք կկարողանանք տեղաբաշխել: Դա դեռ կքննարկենք»: