Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչ հագուստ է նախընտրում կամ որտեղ է ուզում ապրել. հարցումներ

Տնտեսություն
index3

Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց «Ինտեգրացիոն բարոմետր հետազոտական ծրագրի արդյունքները»: Ծրագիրն իրականացվում է արդեն չորրորդ անգամ եւ դեմ առ դեմ հարցումներին մասնակցել է 1105 քաղաքացի: Հարցումներն անցկացվել են մայիսին: Ըստ այդ հարցման՝ ԵՏՄ անդամակցությանը դրական է վերաբերվել 56 տոկոսը, թեեւ սկզբում տոկոսային ավելի մեծ առավելություն կար: Մեկ միասնական արժույթի անցմանը կողմ է 55 տոկոսը, 35 տոկոսը չի ուզում, իսկ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել: Իսկ արդյոք հինգ տարվա ընթացքում ԱՊՀ երկրները կմոտենա՞ն, թե՞ ընդհակառակը՝ էլ ավելի կտարանջատվեն 26 տոկոսը վստահ է, որ կմոտենան, 40 տոկոսը կարծում է, որ ոչինչ չի փոխվի, իսկ 17 տոկոսը կարծում է, որ կհեռանան: Հարցման մյուս հատվածը վերաբերել է սոցիալ-մշակութային, կրթական, ռազմական ոլորտին: Հարցվածներից ով ում հետ է իրեն նույնականացնում, միայն 64,1 տոկոսը ՀՀ քաղաքացու, 19,9 տոկոսը գյուղի, մարզի բնակչի, 2.6 տոկոսը երկիր մոլորակի բնակչի, 0,1 տոկոսը՝ Ասիայի բնակչի: Ո՞ր երկրներն են ՀՀ համար բարեկամ, որոնցից կարող ենք ստանալ աջակցություն՝ 86,1 տոկոսը ՌԴ հետ, 30,3 տոկոսը Ֆրանսիայի,  9,2 տոկոսը՝ ԱՄՆ, 7.5 տոկոսը Գերմանիայի, 0,1 տոկոսը՝ Թուրքմենստանի: Հարցվածներից  81.6 տոկոսը հարազատներ ունի ՌԴ-ում, 15.5-ը ԱՄՆ-ում, 10,9 տոկոսը՝ Վրաստանում, 4.3 տոկոսը՝ Ուկրաինայում: Մարդկանց 27,2 տոկոսը կուզենար աշխատել ՌԴ-ում, 19,9 տոկոսը Գերմանիայում, 15.1 տոկոսը՝  Ֆրանսիայում: Մշտական բնակության կտեղափոխվի ՌԴ 18,4 տոկոսը, 11.7 տոկոսը ԱՄՆ, 8.8 տոկոսը Գերմանիա, Թուրքմենստան՝ 0,1 տոկոսը: Հարցվածների 47,1 տոկոսը վստահում է եւ կգնի միայն հայկական արտադրության ապրանքներ, 35.1 տոկոսը ռուսական, 24,7 տոկոսը գերմանական, 8.1 տոկոսը չինական եւ միայն 6.9 տոկոսը՝ թուրքական: Արամ Նավասարդյանի ընդհանուր դիտարկմամբ՝ եթե շատերը փորձում են պիտակավորել, թե հայերը ռուսամետ են կամ եվրոպամետ, ապա նա կարծում է, որ մենք պրագմատիկ ազգ ենք. «Մեր դատողությունները ռացիոնալ տիրույթում են: Իսկ բանակի, պաշտպանության, ռազմական ոլորտի հարցերում մենք միանշանակ դեպի ՌԴ վեկտորն ենք գնում, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաներ հարցում մենք ունենք լրիվ ուրիշ պատկեր՝ դա Եվրոպան է»: Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանը, ապա պարոն Նավասարդյանը նկատում է՝ եթե չորս տարվա հարցումների արդյունքում կար դրական վերաբերմունքի աճ, ապա այս տարի արդյունքները ավելի բացասական էին. «Միգուցե դա պայմանավորված էր սպասումներով, որ չարդարացան ԵՏՄ-ից: Միգուցե մեր քաղաքացիները ուզում էին միանգամից տեսնել արդյունքները՝ ամեն ինչ հիմա ու այստեղ: Այդ առումով տրամադրությունները մի փոքր նվազել են. եթե մեր հարգելի կառավարությունը ցույց տա ԵՏՄ դրական արգասիքները, ապա մյուս տարի հարցումների պատկերը միգուցե այլ լինի»: