Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության որոշումը էլեկտրիկներին կոռուպցիայի հնարավորություն կտա

Կարևոր լուրեր Տնտեսություն
artak-manukyan

Այն, որ կառավարությունն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը համատեղ մեկ տարի սուբսիդավորելու են մինչև 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների գումարը, տնտեսագետ Արտակ Մանուկյանի համոզմամբ՝ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: «Մասնավորապես, ի՞նչն է խանգարում, որ նույն տեսուչը (էլեկտրիկը) 251 կվ/ժամ սպառած սուբյեկտին կաշառքի արդյունքում գրի 248 կամ ՓՄՁ 500-ից ավելի սպառած սուբյեկտին՝ 498 կվտ/ժամ: Նման երևույթներից խուսափելու համար, եթե 250 կվտ/ժամով ընդհանուր առմամբ մեկ տարվա համար կազմում է 3000 կվտ/ժամ, այն ամիսները, որ 250 կվտ/ժամից քիչ են սպառում մարդիկ, և այն ամիսները, որ ավելի շատ են սպառում, հավասարակշռեին: Այսինքն, այդ 3000 կվտ/ժամը կարողանային իրենց նպատակահարմար ձևով բաշխել բոլոր 12 ամիսներին»: Նշենք, որ եթե քաղաքացիները 250 կվտ/ժամից թեկուզ 1 կվտ/ժամ ավելի էլ.էներգիա սպառեն, նրանց փոխհատուցում ընդհանրապես չի տրվի, ամբողջ գումարը պետք է իրենք վճարեն: Կառավարության և ՀԷՑ-ի նախաձեռնությունը վերաբերում է միայն մինչև 250 կվտ/ժամ սպառում ունեցողներին: Հարցին, թե ի՞նչ կարող է էներգետիկ ոլորտում փոխել ՀԷՑ-ի՝ նոր, հայազգի սեփականատեր ունենալը, տնտեսագետը նշեց. «Արդեն իսկ կարևոր է, որ տեխնիկական կորուստների ռազմավարություն կա, երկրորդը՝ ծախսերի թափանցիկության առումով էլ ինձ թվում է՝ պետք է միջոցառումներ լինեն: Արհեստականորեն գերուռճացված այդ աշխատողների թվաքանակը, որ ամեն մի տեղամասի պետ վերջին թողարկման շքեղագույն պերճանքի մեքենաներով է շրջում ու պարզ չի, թե ինչպե՞ս է այդ հարստությունը դիզում, նման կարգի մոտեցումներն էլ ինձ թվում է՝ կշտկվեն: Սրան էլ եթե գումարվի նաև աստիճանաբար անցումն էլեկտրոնային հաշվիչների տեղադրմանը, դա էլ բարեփոխումների մի փուլ է»: Պարոն Մանուկյանը շեշտեց նաև, որ ՀԷՑ-ը և կառավարությունը մեծ հաշվով սերտաճել էին: «Այսինքն, հարկատուների հաշվին իրենք իրար բարեգործություններ էին անում: Մեկը բարեգործական հիմնադրամներին էր փոխանցում, մյուսն էլ մատների արանքով էր այդ ամենին նայում: Այս մասով ակնկալում եմ, որ թափանցիկությունը ավելի կուժեղացնենք և չենք բավարարվի միայն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին մերթընդմերթ, 6 ամիսը մեկ տեսնելու հեռանկարով»: