Ինչու են դատափետում օմբուդսմենին, ով ում պատվերն է կատարում (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խիստ բացասական գնահատեց օմբուդսմենին ուղղված քննադատությունները: Ըստ նրա՝ լավ կլիներ, որ հիմա այստեղ նստած լինեին Առողջապահության կամ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարները, որոնց համակարգում օմբուդսմենը խախտումներ է հայտնաբերել. «Ու մենք հնարավորություն ունենայինք նրան ասել, այ նախարար, դու այս ո՞նց ես աշխատել, որ օմբուդսմենը այսքան բան է գտել քո համակարգում: Մենք օմբուդսմենին քննադատում ենք բացահայտումների՞ համար ու ասում՝ ինչո՞ւ ես գտել խախտում, տո դու ո՞վ ես: Ես զարմանում եմ՝ բարձր կրթական ցենզի մասին խոսող պատգամավորն այսօր փողոցային բառապաշարով ելույթ ունեցավ, մինչդեռ նրանից առաջ փոխխոսնակը ելույթով կոչ արեց ԱԺ-ն փողոցի չվերածել»: Տիկին Բիշարյանը նկատեց, որ ԱԺ-ն է ընտրել Կարեն Անդրեասյանին՝ որպես օմբուդսմեն. «Նա տասը տարուց ավելի է՝ զեկույց է ներկայացնում, մինչդեռ այստեղ շատերը չգիտեն, թե նա քանի տարի է օմբուդսմեն: Եթե զեկույցում նշված թերությունները կրկնվում են, նշանակում է, որ համակարգի ներկայացուցիչները երբեւէ դիտողություն չեն ստանում: Օմբուդսմենը պաշտպանված չէ մեզ մոտ, ինչպես որ մյուս երկրներում, որ մրսեն իրենից: Ինչո՞ւ ենք այսպես դատափետման ենթարկում օմբուդսմենին. մեզ համար հասկանալի է, թե ով, ում ջրաղացին ջուր լցրեց: Եկեք առողջ քննարկում ունենանք»: «Խնդրում եմ իմ գործընկերներին՝ եզրակացություններ չանել. յուրաքանչյուրս մեր կարծիքն ունի, ինչ պատվեր կատարելու մասին է խոսքը: Ես էլ գովաբանել եմ, հիմա պատվե՞ր եմ կատարել»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հռետորական հարց բարձրացրեց՝ ի՞նչ կլինի մեր երկրում, եթե չունենանք օմբուդսմենի ինստիտուտ. «Կարծում եմ՝ ոչինչ էլ չի լինի. ինչպես որ եղել էր տարիներ առաջ, նույնկերպ էլ կմնա»: