Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի մասին կարելի է կրիմինալ նկարահանել, Ռուբեն Հայրապետյանի մասին՝ թրիլլեր»   (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ-ում այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի վերաբերյալ հարակից զեկուցող, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային կապերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ելույթում հայտարարեց, որ մարդու իրավունքների խախտումները ՀՀ-ում տարեցտարի ավելանում են, փոփոխվում է միայն նրանց բնույթը. «Իմ տպավորությունն այն է, որ երբ գերատեսչություններին ու նախարարություններին ներկայացնում ենք իրենց խախտումները, նրանք ասում են՝ այո, գիտենք, որ նման խնդիրներ կան ու վերջ: Ժողովրդական լեզվով ասած՝ ավելորդ տեղը գլուխը ցավի տակ չդնելու համար ընդունում են, սակայն որեւէ բան չեն ձեռնարկում՝ հավանաբար մտածելով, որ մի օր կլուծվեն այդ խնդիրները»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ի պաշտոնե պետք է լիներ թիվ մեկ ընդդիմադիրն ու հիմնական խաղացողը, ոչ թե պաշտպանվող, այլ հարձակվող. «Մինչդեռ ձեր ելույթներից չի երեւում ձեր հարձակվող բնույթը: ՀՀ-ն անմխիթար վիճակում է. արտագաղթի բուն պատճառը իրավական պաշտպանվածության խնդիրն է, վաթսուներկու հազար մարդ միայն այս տարի արտագաղթել է. մեր հասարակությունը անպաշտպան է: Եթե ձեզ հանեն, ու հասարակությունը ախ քաշի ու եթե իշխանությունները ձեզ փնովեն ու անխելք համարեն, ուրեմն դուք հաջողել եք»: Պարոն Մանուկյանն անդրադարձավ նաեւ օմբուդսմենի այն հայտարարությանը, թե գալով ԱԺ՝ նա ՄԻՊ առկա խախտումների վերաբերյալ պաշտպանվածություն է փնտրում. «Մարդու իրավունքների խախտումների լայն դաշտն այստեղ է ու սխալ տեղ եք պաշտպանվածություն փնտրում: Ձեր զեկույցը անադեկվատ է իրականության հետ: Ասում եք՝ Արդարադատության աստվածուհու՝ Ֆեմիդայի աչքերը փակ են. Ֆեմիդան շատ լավ նայում է՝ իշխանավո՞րն է խախտումն անում, թե ընդդիմադիրը: Խախտումները նշելիս անուններ չեք ասում: Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի մասին կարելի է ֆիլմեր նկարահանել ու դասագրքերում կրիմինալը բնութագրելիս նրա հետ կապված դեպքեր մեջբերել: Ռուբեն Հայրապետյանի մասին կարելի է թրիլլեր նկարել: Ասում եք, թե Ֆեմիդայի աչքերը բացեք, շատ լավ էլ բաց են»: Ըստ Արամ Մանուկյանի՝ կարելի անվերջ թվարկել քաղաքական բնույթի բռնությունների շարքը, որոնց դեպքում, ըստ նրա, քաղաքականությունը հետեւյալն է՝ եթե իշխանության հետ չես, ապա այլ իրավագիտություն է կիրառվում, ու արդարադատությունն էլ այլ է. «Պարոն Անդրեասյան, ձեր պաշտպանվածությունը պետք է լինեն միջազգային կոնվենցիաները, այլ ոչ թե ԱԺ-ն: Մի քիչ համարձակ ու վստահ եղեք ու պաշտպանեք մարդու իրավունքները: Ձեր ֆունկցիան քննադատվելն է ու իշխանության կողմից քարկոծվելը: Կհանեն ձեզ, ոչինչ, բայց լավ համբավով կգնանք, մինչդեռ այստեղ եկել եք շատ քաղաքավարի, հուշիկ-մուշիկ, մեղմ...Չգիտե՞ք, որ ՀՀ-ում գողական աշխարհը հարց է լուծում ու նորմալ է այստեղ սխոդկաների անցկացումը. ով, ինչ, ում կուզի, կանի: Դուք պետք է տորպեդահարեք, որ հասնեք արդյունքի. միջավայրն այն չէ, որ քաղաքավարի հարցերը լուծվեն»: