«Ուղիղ պատասխանի, հակառակ դեպքում պիտի ներողություն խնդրես». Քոքոբելյանը՝ Շաբոյանին
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՏՄՊՊՀ 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկմանը թեժ լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահի եւ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջեւ: Պատգամավորին վրդովեցրել էր այն, որ Արտակ Շաբոյանը՝ որպես իրենց գործունեության դրական արդյունք, պարբերաբար նշում է, որ իրենք ուսումնասիրություններ ու խախտումներ են հայտնաբերել դպրոցների բուֆետներում, մինչդեռ շրջանցում է ժամկետանց դեղերի, սուպերմարկետներում առկա ժամկետանց բազմաթիվ ապարանքների թեման. «Գոնե սպորտային հետաքրքրության համար ձեզ չի՞ հետաքրքրում՝ որ ոլորտում եք հաջողել: Ամբողջ աշխարհում վառելիքի գները իջնում են, մեզ մոտ բարձրանում, էլ չեմ ասում գազի մասին»: Արտակ Շաբոյանը փորձեց պատասխանել՝ ասելով, թե բուժհաստատություններում ունեն մեծ առաջընթաց: Նրա ոչ կոնկրետ պատասխանն էլ ավելի բարկացրեց Խաչատուր Քոքոբելյանին. «Հարց եմ տալիս, թե կարող ես, ուղիղ պատասխանի, հակառակ դեպքում պիտի ներողություն խնդրես... Կարող է՝ տասը ժամ խոսի ու ոչինչ չասի: Սա ԱԺ է, այլ ոչ թե դպրոց»: Արտակ Շաբոյանը եւս ձայնը բարձրացրեց ու եւս մեկ անգամ կրկնեց, որ բոլոր բուժհաստատությունները շնորհակալություն են հայտնել իրենց, որ բոլոր պետգնումների մրցույթները ՏՄՊՊՀ վարույթներից հետո արդեն իրականացվում են պարտաճանաչորեն: Խաչատուր Քոքոբելյանի բարկությունը չմեղմվեց. «Հարգարժան Շաբոյան, վառելիքի, ծխախոտի մրցակցային շուկան կայացած չէ, դուք մի անուն տվեք, որ ձեր միջամտությամբ տեղի է ունեցել առողջ մրցակցություն ու շուկա է մտել նոր ներմուծող: Իսկ եթե չէ, ասեք ժողովուրդ, կներեք մեզ մոտ չի ստացվում. որտեղ ձեր մատը կպել է՝ մի կարեւոր ոլորտ, մի կարեւոր փոփոխություն եղե՞լ է: Շատ վիրավորական է, որ օրինակ եք բերում դպրոցի բուֆետները: Ուղղակի, ներդրողները պետք է հասկանան, որ պաշտպանված են»: Պարոն Շաբոյանը հայտարարեց, որ բենզինի ոլորտում երկու խոշոր ընկերություններ են գործունեություն իրականացնում, ու գնային քաղաքականությունը իրենց հսկողության տակ են պահում: Տարվա ընթացքում տասը տոկոսով նվազել է՝ 470-ից 420 դրամ է դարձել: Գնային փոփոխությունները ամբողջությամբ ադեկվատ են ներմուծման գների փոփոխություններին: Մենք բենզինը հիմնականում ՌԴ-ից ենք ներմուծում ու վերամշակման ծախսերը մեծ են, դրա համար գնային տարբերությունները մեծ են: Դրա համար միջազգային գները չեն ազդում ՀՀ ներմուծվող բենզինի գների վրա»: ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հորդորեց նրանց հանգիստ, ցածր տոնով խոսել՝ առանց անձնական վիրավորանքների ու երանգների: Խաչատուր Քոքոբելյանը նախ ասաց, որ չի էլ ցանկանում, որ այդ դաշտ տեղափոխվեն, ապա ավելացրեց. «Ես շատ կարեկցանքով եմ վերաբերվում ձեզ՝ պարոն Շաբոյան, քանի որ գիտեմ՝ ինչ պատմությունների մեջ եք ընկնում, սակայն դա չի նշանակում, որ չպետք է բարձրաձայնենք այդ հարցերը: Մրցակցությունը կբերի գների կայունության»: Երբ Արտակ Շաբոյանը վիրավորված փորձեց հակադարձել, պարոն Քոքոբելյանն էլ ավելի բարկացած, գոռալով հայտարարեց. «Քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում, քո շարժուձեւին էլ եմ տիրապետում...»: «Ես ցավում եմ, որ պարոն Քոքոբելյանը չի տիրապետում մեր հանձնաժողովի գործունեությանը»,- արձագանքեց Արտակ Շաբոյանը: Միքայել Մելքումյանը փորձեց մեղմել իրավիճակը՝ ասելով. «Ռեակցիաները պետք է թուլացնենք, քանի որ մենք սովոր ենք նման բաների»: