Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկերության 322 աշխատակից իր աշխատավարձն է պահանջում (տեսանյութ)

Տնտեսություն
Glass-world-1

Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել Բյուրեղավանի «Glass world» ՓԲԸ նախկին աշխատակիցները: Տարաներ արտադրող ընկերության 322 աշխատակիցներն օգոստոս ամսին՝ սեփական դիմումի համաձայն, դուրս են եկել աշխատանքից, սակայն մինչև հիմա չեն ստացել մի քանի ամսվա իրենց աշխատավարձը: «Ամեն անգամ գնում, հարցնում ենք, ասում են՝ կլինի, կտանք, ու նենց ծիծաղելով, ոնց որ վախ չունենան էլի: Ասում են՝ գումար չկա, բայց աշխատողին ի՞նչ հետաքրքիր է դա»,-ասում է նախկին աշխատակիցներից Էդգար Մարտիրոսյանը: «Տեղեկանք ենք պահանջել չվճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի վերաբերյալ, բայց ոչ աշխատավարձն ենք ստացել, ոչ տեղեկանքը»,-իր հերթին նշեց մեկ այլ աշխատակից՝ Հովհաննես Առաքելյանը: Glass world 2 Նրանք շեշտում են, որ գործատուն խախտել է Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածը: Մինչև օգոստոսի վերջ «Glass world»-ի տնօրինությունը խոստացել է ամբողջությամբ մարել պարտքը, սակայն մասնակիորեն է մարել: «Արդեն երեք շաբաթ է՝ ընդհանրապես գումար չեն տվել: Հիմնարկը սնանկացման եզրին է: Մենք այստեղից գնալու ենք դատարան: Ես դիմել եմ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, լիազորել եմ բողոքներ ներկայացնել իմ նախկին գործատուին: Երկու, երեք անգամ նամակ է գնացել ընկերություն, որից հետո մասնակի մարում են կատարել: Բայց դա կատարվում է 50.000 դրամով: Իսկ այդ դեպքում մեր աշխատավարձի չափը, որ պետք է ստանանք, նշանակում է՝ առնվազն 1 տարի պետք է սպասենք»,-շեշտեց Հովհաննեսը: Glass world 3 Մեկ այլ խնդիր էլ կա. «Աշխատավարձը ենթադրենք կազմում է 250.000 դրամ, մեզ կանչում, 50.000 են տալիս, մենք ստորագրում ենք 50.000-ի կողքը: Բայց այնտեղ այդ 50.000-ը նշում են մատիտով: Ի՞նչ անենք, իրավապահ մարմինների՞ն դիմենք»: Ընկերության նախկին աշխատակիցներն անհանգստացած են, որ կարող է սնանկացում լինի: «Եվ այդ ժամանակ գումարներն ումի՞ց ենք ստանալու»,-ասաց նախկին աշխատակիցը: