Նաիրիտցիների պահանջները բավարարված չեն (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են գործարանի վերագործարկում: Վարչապետի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությունները, թե վերագործարկման համար անհրաժեշտ է ներդրողների գտնել, նաիրիտցիների համար արժանահավատ չեն: «Մենք այդքան օլիգարխներ ու մեծահարուստներ ունենք, եթե ցանկանան, 5 հատ Նաիրիտ կարող են աշխատեցնել, բայց նրանք ուզում են միանգամից շահույթ ստանալ, իսկ այդպես չի լինում: Նաիրիտից նրանք եկամուտ կարող են ստանալ 4-5 տարի հետո, իսկ դա նրանց համար ձեռնտու չի: Մենք միշտ շեշտում ենք, որ Նաիրիտի վերագործարկումը հիմա էլ շատ շահավետ կարող է լինել մեր երկրի տնտեսության համար, դա մրցունակ գործարան է և արտադրած կաուչուկն էլ շատ որակյալ է : Նաիրիտի վերագործարկման համար պետք է քաղաքական կամք դրսևորվի, որը մենք այսօր չենք տեսնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: Գործարանի նախկին մամլո խոսնակ Անուշ Հարությունյանն էլ անդրադարձավ աշխատանքից ազատված նաիրիտցիների տույժ-տուգանքներին. «Մեզ ստիպել են ստորագրել ստորացուցիչ պայմանագիր, որով վճարելու էին միայն աշխատավարձի մայր գումարը՝ առանց տույժ-տուգանքների: Մենք այդ տույժ-տուգանքները չենք պահանջում, փոխարենը ուզում ենք, որ չեղյալ հայտարարվի այդ ապօրինի պայմանագիրը»,-ասաց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ կա տույժ-տուգանքների վերաբերյալ կա նույնիսկ դատարանի վճիռ, սակայն դա էլ այսօր ի կատար չի ածվում: Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ իրենք պատրաստվում են այդ պահանջով դիմել Սերժ Սարգսյանին՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Նշենք նաև, որ վաղը նաիրիտցիները հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու տույժ-տուգանքների մասին պայմանագրերի չեղարկում ու գործարանի վերագործարկում: Մանրամասները՝ տեսանյութում