«Ոչ-ի կողմնակից լինելը չի նշանակում, որ Քոչարյանի կամ Տեր-Պետրոսյանի կողմից ես» (տեսանյութ)
Իրեն ընդդիմադիր համարող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը «Այո» է ասելու Սահմանադրական բարեփոխումներին, սակայն որեւէ քաղաքական շտաբի չի միանալու եւ քարոզարշավ է ծավալելու առանձին: Կուսակցության 10-րդ համագումարի փակ աշխատանքների արդյունքում որոշվել է, որ իրենք առանձին կկազմակերպեն իրենց քարոզարշավը եւ մարդկանց կբացատրեն, թե ինչ դրական տեղաշարժեր կարող են առաջացնել Սահմանադրական բարեփոխումները: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հիշեցնում է, որ խորհրդարանական համակարգին անցնելն իրենց կուսակցության ծրագրային դրույթներից մեկն է, եւ բացի դրանից, խնդիր ունեն որոշակի փորձ ձեռք բերելու՝2017 թ. ընտրություններին մասնակցելու համար: Իսկ նման քարոզչությունը արդյոք կասկածի տակ չի՞ դնի նրանց ընդդիմադիր լինելը: «Եթե որեւէ մեկը ոչ-ի կողմնակից է ՝ դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է, այդ տրամաբանությունը չի աշխատելու: Հնչակյան կուսակցության համար խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը իշխանափոխության հնարավորություն է տալիս: Ոչ-ի կողմնակիցները, ովքեր չեն հիմնավորում «ոչ»-ի գաղափարական մասը, կարողանալո՞ւ են այս երկրում իշխանափոխություն իրականացնել, եթե մնա այս Սահմանադրությունը»,-հարց է տալիս Նարեկ Գալստյանը: