Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրավանքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն

Տնտեսություն
Hayravank_Monastery

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն: Նոր մասնագիտացված կենտրոնը համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին տրամադրելու է տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջության և անասնապահության հետ կապված հարցերում։ Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ս.թ․ հոկտեմբերի 20-ին։ Բացման արարողությանը մասնակցել են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD հիմնադրամից և Հայրավանք համայնքից: Նոր կենտրոնը գյուղատնտեսական բիզնեսի առաջավոր մեթոդների զարգացման և տարածման համար տարածաշրջանային հանգույց է լինելու։ Այն զարգացնելու է տեղացի ֆերմերների հմտությունները և լավագույն փորձն է փոխանցելու բոլոր նրանց« ովքեր գյուղատնտեսական և անասնաբուժական« ինչպես նաև անասնաբուծական և անասնապահական ծառայություններ են տրամադրում: Կենտրոնը նպաստելու է նոր շուկայական կապերի զարգացմանը և աջակցելու է տարածաշրջանի ֆերմերներին ֆինանսական ծառայությունների հասանելիության գործում: Կենտրոնում հայ և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվելու են աշխատաժողովներ և վերապատրաստման դասընթացներ: Նախատեսվում է, որ այն կսպասարկի Գեղարքունիքի մարզի 10 համայնքների 2000-ից ավելի ֆերմերներին։ Այս կենտրոնն առաջինն է, որ հիմնվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» (DPESSA) ծրագրի ներքո։ Գեղարքունիքի մարզում երկրորդ կենտրոնի բացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ` Վարդենիս համայնքում։