Վերաբացվել է Բաղրամյանի ցուցարարների դեմ հարուցված քրեական գործը
Հունիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների դեմ «Խուլիգանության» հոդվածով հարուցված քրեական գործը վերաբացվել է: Քննչական կոմիտեի քննիչի՝ գործի վարույթը կարճելու որոշումը վերացվել է վերահսկող դատախազի կողմից և նախաքննությունը շարունակվում է: Վերահսկող դատախազն իր այս որոշումը հիմնավորել է հանգամանքով, որ չեն պահպանվել գործի արդարացի քննության պահանջները, մասնավորապես՝ «բացահայտված հանգամանքներին քննիչի կողմից չի տրվել քրեաիրավական գնահատական»: Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը բերման էր ենթարկել 237 քաղաքացու, հիմնավորելով, որ նրանք եղել են խուլիգանություն կատարելիս: Այնուհետ գործը կարճվել էր, քանի որ ցուցարարների գործողություններում Քննչական կոմիտեն հանցակազմ չէր տեսել: