Հայկական բոլոր հուշարձանները կպահպանվեն 5,5 կիլոգրամանոց գրքում
35 տարվա աշխատանքից հետո հրատարակվել է Սամվել եւ Արտեմ Հակոբյանների հեղինակած <Հայաստանի մշակութային անձնագիրը> հանրագիտարանը: Այն ներառում է հայկական բոլոր բնակավայրերն ու հուշարձանները, վստահեցնում է հեղինակ Սամվել Հակոբյանը. <Այս գիրքը պատրաստել եմ 1981 թվականից սկսած, ամբողջը հեղինակային աշխատանք է: Մենք շրջել ենք Հայաստանով ու նկարել ամեն մի անկյունը: Հանրագիտարանում կան նաեւ այն բնակավայրերը, որոնք արդեն անհետացել են, բայց մենք վերականգնել ենք դրանց պատկերներն ու ներկայացրել հանրագիտարանում>: Պարոն Հակոբյանը վստահ է, որ այս գիրքը տասնամյակներ հետո կարող է դառնալ այն փաստաթուղթը, որը կապացուցի հայերի գոյությունը տարածաշրջանում. <Կա՞ աշխարհում այլ փաստաթուղթ, որ կարող է ապացուցել, որ այդ մարդիկ ապրել են այնտեղ, բացի հուշարձաններից; Չկա: Օրինակ` այսօր Մերձավոր Արեւելքում ոչնչացնում են դրանք, տարիներ հետո դժվար կլինի ապացուցել, թե այնտեղ ովքեր են ապրել>,- ասաց նա ու հավելեց, որ բոլոր հուշարձանները նրանք նկարել են ընդհանուր պլանով, որպեսզի երեւա նաեւ շրջակայքը, ու դարեր հետո, եթե այն անհետանա, տեղը հեշտությամբ գտնեն: Գրքում բացի բնակավայրերից ու հուշարձաններից, Հակոբյանները ներառել են նաեւ այն բոլոր թանգարանները, գործարանները, որոնք պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար: Հանրագիտարանում 10.000 ից ավել նկար կա, դրանց մեջ ներառվում են 20.000-ից ավել հուշարձան; Այս քայլին հեղինակները գնացել են գիրքն ավելի մատչելի դարձնելու համար. <Սկզբում գիքը 10 կգ էր, հիմա այսպես խտացրել ենք ու դարձրել 5.5 կգ , որ ավելի պրակտիկ լինի>: Ի դեպ, հետագայում հեղինակները մտադրվել են եւս երկու հատոր հրատարակել, որոնցից մեկը կլինի Արցախի, մյուսն էլ Արեւմտյան Հայաստանի մասին: