Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արա Աբրահամյանի հայտնությունը Հայաստանում ԲՀԿ-ի համար սպառնալիք չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
a8e9deedf988d08375ce0ce631f7c111

Տեսակետ կա, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գալիս է լրացնելու այն դատարկությունը, որը Ծառուկյանի հեռանալուց հետո մնացել է ԲՀԿ-ի փողերի հույսին մնացած աղքատ ընտրազանգվածի մոտ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այս առնչությամբ ասում է. «Մեր հասարակությունը շատ լավ տեսնում է, շատ լավ հասկանում է եւ քվեարկության օրը եւ ամենատարաբնույթ քաղաքական փորձությունների ժամանակ լավագույնս իր կարծիքը եւ իր դիրքորոշումը հայտնում է»։ Գուցե այդ մարդուն Ռուսաստա՞նն է գործուղել Հայաստան, որպեսզի ռուսական կողմնորոշումը չթուլանա մեր երկրում։ Պարոն Էնֆիաջյանը ակնարկում է, որ դրա համար Արա Աբրահամյանի կարիքը չկար. «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ իր փոխգործակցությունը, համագործակցությունը տարիների, դարերի պատմություն ունի»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ քաղաքական դաշտում ազատ տեղ կա, որը կարող է զբաղեցնել Արա Աբրահամյանը, բայց դա առողջ ընդդիմության տեղն է. «Ոչ թե հայհոյող, այլ կառուցողական, որը եւ դրականները կնկատի, բացասականները բարձրացնի այնպես, որ դրանց լուծում տրվի»։ Ռուսաստանի հայերի միության նախագահի մուտքը մեր քաղաքական դաշտ պարոն Բաղդասարյանը ողջունում է։ Եվ չի անհանգստանում, որ նա կսպառնա Հանրապետականին. «Որեւէ քաղաքական ուժ, որեւէ քաղաքական միավոր, որ ստեղծվում է, մեզ չի անհանգստացնում»։ Հանրապետական պատգամավորը չէր ցանկանա Արա Աբրահամյանի մասին խոսել որպես 2017-ի խորհրդարանի ընտրություններում փող բաժանողի, ինչպիսին էր նախորդ երկու ընտրություններում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Պետք չի քաղաքական միավոր կամ քաղաքական ուժ ստեղծել, որ բնակչությանը փող բաժանի»։ Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանի համար լուրջ չէ նաեւ այն միտքը, որ, ըստ Սերժ Սարգսյանի ծրագրերի, Արա Աբրահամյանի ապագա կուսակցությունը պետք է դառնա հենց այն ուժը, որը 2017-ի խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլում պետք է հանրապետականին օգնի դառնալ կայուն մեծամասնություն. «Հարյուրավոր կուսակցություններ կան, կարելի էր էդ պատրաստի կուսակցություններից որեւէ մեկը... եթե հանրապետականը նման ցանկություն ունենար»։ Արա Աբրահամյանն, ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, Հայաստանում անելիք չունի, մեր քաղաքական դաշտը հագեցած է. «Հո կուսակցությունը մենակ մարդկանց խումբ չի, էդ հո կոլխոզի ժողով չի»։ Բայց Արա Աբրահամյանը գալիս է որպես փող բաժանող, որպիսին են Հանրապետականը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն։ Կուսակցություն ստեղծելու ծրագրերը նա քննարկել է Հանրապետականի առաջնորդի հետ. «Եթե մեկը գալիս ա երկրի ղեկավարին ասում ա՝ կարելի՞ ա քո մոտ կուսակցություն ստեղծել, ուրեմն բիզնես ա անում։ Ի սկզբանէ փչացրել ա գործը»։ Գործը պարոն Աբրահամյանը փչացրել է նաեւ նրանով, որ չի ուզում ընդդիմություն լինել եւ հասնել իշխանափոխության. «Կուսակցություն ստեղծելու նվազագույն պարտադիր պայմաններից մեկը իշխանության ձգտումն է»։