Մեր հարկային դաշտը, պարզվում է, կայուն է ու կանխատեսելի
Կառավարությունն այսօր հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը։ Նոր օրենսգիրքը ունենալու է 4 մաս եւ գործողության մեջ է մտնելու 2018 թ հունվարի 1-ից։ «Հարկային օրենսգիրք ընդունում են այն երկրները, որտեղ դաշտը կայուն եւ կանխատեսելի է, մեր հարկային դաշտը համապատասխանում է այդ ցուցանիշին»,- հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ փոփոխությունները չպետք է խոչընդոտեն բյուջեի մուտքերը եւ արվել է ամեն ինչ, որ հարկային դաշտում սահմանվի սահունություն եւ կայունություն։ « Նոր օրենսգրքով պետությունը հրաժարվում է արտոնություններ տրամադրելուց եւ անցնում է սուբսիդավորման քաղաքականությանը»,- նշեց Ֆինանսների փոխնախարարը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ավելացրեց, որ Հարկային նոր օրենսգիրքը Ֆինանսների նախարարության ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք է։ Նրա խոսքերով՝ այսօրվանից օրենսգիրքը պետք է լայնորեն քննարկվի եւ պատասխան տրվի բոլոր առաջարկներին եւ մտահոգություններին։ Վարչապետը հանձնարարեց նախարարներին ներկայացնել ժամանակացույց՝ նոր օրենսգիրքը քննարկելու համար։ Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ կուղարկվի 2016 թ-ին։