Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ Պառավաքարում 50 տոննա խաղող դեռ մնում է չմթերված

Տնտեսություն
խաղող

Տավուշի մարզի Պառավաքար գյուղը միակը չէ, որ այսօր խաղողի մթերման խնդիր ունի։ «50 տոննա խաղող դեռ մնում է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը։ Նրա խոսքով՝ ընդամենը մեկ մեքենայի չափով խաղող է մթերվել գյուղից. «Արարատի գործարանի մասնաճյուղ են տարել գյուղացիները»։ Հարցին, թե արդյո՞ք գյուղացիները պատրաստվում են ըմբոստանալ և մեքենաներով հասնել քաղաք՝ բողոքի, գյուղապետը տեղյակ չէ։ «Հարցն այն է, որ գյուղացիները նաև հնարավորություն չունեն բերքը քաղաք հասցնելու»,-նկատեց պարոն Մարգարյանը։ Իսկ Ներքին Կարմիր աղբյուրում մթերումն ավարտվել է։ «Մեզ մոտ բերքահավաքը շուտ է սկսվել։ Գյուղացիները Բերդավան են տարել խաղողը՝ մթերման։ Հիմա նորմալ է վիճակը»,-ասաց գյուղապետ Մանվել Կամենդատյանը։ Նախորդ տարի Տավուշի մարզում խաղողի բերքը կազմել է մոտ 15.000 տոննա, որից մթերվել է 7500-ը։ Այս տարի բերքն ավելի առատ է։ Մոտ երկու շաբաթ առաջ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խաղողի մթերման հարցով այցելել էր Տավուշ։ Սակայն վերոնշյալ երկու գյուղերում նա չի եղել։