Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն խաղաղապահ գործողություններում կտիրապետի հիմնական խաղաթղթին. Թոմաս դե Վաալ (տեսանյութ)

Քաղաքականություն
վաալ

Ադրբեջանը կարող է գործարքի գնալ Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցում. Կարծում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը. «Ադրբեջանի դիրքորոշումը գուցե իրոք փոխվում է։ Վերջերս մենք Բաքվի եւ Մոսկվայի միջեւ մերձեցում ենք նկատում։ Խաղաղապահ զորքերի տեղակայման դեպքում պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում միայն ռուս խաղաղապահներ չեն լինի։ Այստեղ իրենց ձայնն ունեն նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն։ Բայց դեպքերը զարգանում են այն ուղղությամբ, որ Ռուսաստանը խաղաղապահ գործողություններում կտիրապետի հիմնական խաղաթղթին»։ «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկմանը ներկա քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելու գաղափարին. «Ադրբեջանը հասկանում է, որ դա պատերազմ սկսելու իր վերջին շանսն է՝ հաշվի առնելով նավթի գների անկումը։ Ադրբեջանում  կենսամակարդակի կտրուկ անկումը կարող են արդարացնել միայն պատերազմով»,- նշում է քաղաքագետն ու հավելում. «Նրանք հասկանում են, որ ռուսների ձեռքով կարելի է Ղարաբաղից մի կտոր պոկել»։ Անգլիացի փորձագետի կարծիքով, սակայն, Ադրբեջանի ռազմական ներուժն այնպիսին չէ, որ նրան թույլ տա պատերազմ սկսել։ Իսկ քաղաքագետ Մանվել Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը իր առջեւ խնդիրն է դրել ղարաբաղյան հակամարտության գոտում սառեցնել ստատուս քվոն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը. «Այն ամենը, ինչ նրանք անում են, անում են, որպեսզի  բոլորին՝ միջազգային հանրությանը, տարածաշրջանային տերություններին եւ Հայաստանին ստիպեն ընդունել իրենց դիրքորոշումը»։