Ազատամարտիկը մեղադրում է, Հայրապետյանը՝ պատասխանում (տեսանյութ)
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը կազմակերպելու մեջ։ «Եթե պետությունն ինքը մասը չի այդ հովանավորության, իշխանությունը՝ մինչև վերևի աստիճան հովանավորը չեն, այս վայրկյանից պետք է պատժամիջոցներ կիրառեն։ Ե՞ս եմ մեղավորը, թող ինձ հավաքեն-տանեն, խնդիր չկա»,- ասում է ազատամարտիկը։ Որպես իր ասածի ապացույց նա վկայակոչում է հունիսին տեղի ունեցած իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը, որտեղ վերջինս սպառնում ու հայհոյում է իրեն։ Ըստ նրա՝ Հայաստանում բարձիթողի վիճակի պատճառով առաջացել է անպատժելիների մի խումբ, ովքեր հանցագործություններ են կատարում ու օրենքը չի նկատում նրանց։ «Հավաքվել է մարդկանց մի խումբ, որն օրենքից վեր է համարում իրեն, հավաքվել է մարդկանց մի խումբ, որն ունի հսկայական ֆինանսական հնարավորություններ, տեխնիկական և կոմունալ միջոցներ։ Սրանք այդ կերպարներն են ու մի հատ Հայրապետյան չի, երկու հատ Հայրապետյան չի, դրանք շատ են ու գնալով ավելի շատանում են»,- ասում է Սմբատ Հակոբյանը։ Չնայած իրավապահ մարմինները մինչ այս պահը հայտնաբերել են ազատամարտիկին ծեծի ենթարկած ընդամենը երեք անձի, Հակոբյանը չի աջակցում սեփական միջոցներով հանցագործներին գտնելու և պատժելու ազատամարտիկ ընկերների նախաձեռնությանը։ «Մենք հաշվեհարդարի համար չէ, որ դուրս ենք եկել, մենք ունենք օրենք, մենք ունենք պետություն, մենք ունենք համապատասխան պատկան մարմիններ, որոնք կարող են պատժամիջոցներ կիրառել օրենքի սահմանում»։ Ազատամարտիկի փաստաբան Տիգրան Հայրապետյանը քննության համար վտանգավոր է համարում Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը՝ գրավի դիմաց ազատ արձակել ազատազամարտիկին ծեծի ենթարկելու համար ձերբակալված Հակոբ Պետրոսյանին։ Հայրապետյանի պնդմամբ՝ Պետրոսյանի ազատ արձակումից հետո այլևս որևէ հանցագործ չի հայտնաբերվել։ «Երբ անձը հայտարարում է, որ իր քաղաքական, քաղաքացիական գործունեության համար են այսպիսի հարձակում կատարել, մեզ համար անհասականալի է դատարանի նման որոշումը և մենք կբողոքարկենք»,- նշում է ազատամարտիկի փաստաբանը։ Ի դեպ, անդրադառնալով սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությանը՝ Ռուբեն Հայրապետյանը panorama.am-ի հետ զրույցում բառացիորեն նշել է. «Ամեն հոգեկան հիվանդի հայտարարություններին հո չեմ անդրադառնալու, բացատրություններ տամ»: Հիշեցնենք, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին հակակառավարական ցույցից հետո։