Օֆշորում գրանցված ընկերությունը «Տաշիր»-ի մի մասն է (տեսանյութ)
Պարզվում է՝ օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը մտնում է «Տաշիր» գրուպ ընկերության մեջ. այս մասին մեր հարցմանն ի պատասխան պարզաբանում տվեցին կառավարությունում։ «Կար կառավարության հավանություն, եւ կառավարությունը իր որոշումը չի փոխել։ Ընկերությունը, որը հայտարարվել էր կառավարության կողմից նախկինում, այդ ընկերությունն էլ գնում է»,- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ «Այսինքն՝ օֆշորում գրանցված ընկերությո՞ւնը»,- ճշտող հարցին, Երվանդ Զախարյանը պատասխանեց . «Այո, այո»։ Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ Իսկ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր , որ ՀՀ իշխանությունները դիմել են «Տաշիր» խմբի նախագահ, հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը՝ հաշվի առնելով, որ «Տաշիրի» կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում։