«Առանց իշխանության՝ որևէ օֆշորային ընկերություն չի կարող Հայաստանում սեփականություն ունենալ»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն աուդիտի գլխավոր խնդիրն է համարում ՀԷՑ-ում ֆինանսական եկամուտների և ծախսերի հիմնավորվածության ի հայտ բերումը. «Մեզ պետք է հստակ պատկեր ունենալ, թե ինչ ներդրումներ են արվել, ինչ գումարներ են ներդրվել՝ ընկերության արդիականացման համար և այլն: Այդ ամենի վերաբերյալ մենք լիարժեք պատկերացում չունենք: Եթե ստուգումների արդյունքում այս հարցերին պատասխան չեղավ, ապա այդ աուդիտը կարելի է համարել ձևական»: Թե ինչու պատկան մարմինները մինչև այժմ չէին նախաձեռնում աուդիտ, պարոն Սաքունցն ասում է՝ քանի դեռ հանրային պահանջ չկա, պատասխանելու ուղղությամբ քայլ չի արվում: ՀԷՑ-ն անհայտ ընկերության վաճառելու կապակցությամբ Հելսինկյան կոմիտեի նախագահը նշում է, որ մեր երկրում անհայտ ընկերություններ միայն հասարակության համար կան: «Այդ ընկերությունը հայտնի է իշխանությանը, որը գրանցելով այն օֆշորային գոտում, ըստ էության, թաքցնում է հանրությունից, թե ովքեր են այդ ընկերության իրական տերերը: Բնականաբար, առանց իշխանության մասնակցության՝ որևէ օֆշորային գոտում գործող ընկերություն չի կարող հավակնություն ունենալ՝ Հայաստանում որևէ ունեցվածք ձեռք բերելու: Ձեզ հայտնի են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալները: Մենք համարում ենք, որ սա հերթական կոռուպցիոն գործարքն է»: