«Ադրբեջանի նպատակը զիջումներ կորզելն է»
«Սահմանում լարելով իրավիճակը՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ համաձայն չէ այն քաղաքական իրականության հետ, որն առկա է Ղարաբաղի շուրջ: Մյուս կողմից այդ երկրի ղեկավարությունը հայտարարություններ է անում, որ վերականգնելու է ռազմական տիրապետությունը Ղարաբաղի վրա, մինչդեռ իրականության մեջ ի վիճակի չի դա անել: Հետևաբար՝ նա թեժացնում է իրավիճակը և՛ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության սահմանին՝ այդ կերպ փորձելով ընթացող բանակցություններում զիջումներ ստանալ հայկական կողմից»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա համոզմամբ՝ այս ամենը որևէ լուրջ ազդեցություն չունի բանակցային գործընթացի ու իրավիճակի վրա, բացի նրանից, որ զոհվում են խաղաղ բնակիչներ և զինծառայողներ. «Ադրբեջանն ինքն է իրեն այս վիճակի մեջ դրել: Սակայն պետք է նշել, որ բոլոր կողմերը սկսել են ավելի լուրջ զենքեր օգտագործել, ու նաև գաղտնիք չի, որ հայկական կողմից պատասխանն Ադրբեջանին լինում է ո՛չ միայն ռազմական օբյեկտների դեմ»: Խոսելով հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ակտվիության մասին, պարոն Մինասյանը խոսում է հայկական կողմի ունեցած դիքային առավելության մասին. «Հայտնի է, որ դեռևս 90-ականներից Ադրբեջանը 3-4 դիրքերում ունի առավելություն մեր 2-3 բնակավայրերի հանդեպ, մենք էլ ունենք տասնյակ նմանատիպ առավելություններ, ինչը Ադրբեջանին զսպող էլեմենտներից մեկն է: Սա Ադրբեջանի ղեկավարության համար այնքան էլ կարևոր չէ, քանի որ նրանք ունեն հոգեբանական բարդույթներ»: Սերգեյ Մինասյանը համոզված է՝ Ադրբեջանի ղեկավարությունն այս կերպ ուզում է նաև գերտերություններին ազդակներ ուղարկել՝ «Ղարաբաղը չմոռանալու համար»: