«Աշխատեք». վարչապետի կոչը նախարարներին (տեսանյութ)
Կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն է տվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն ներկայացրեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա` այն գործիքակազմը, որ եղել է մինչ այժմ, բավարար չէ` լուծելու ոլորտում առկա խնդիրները. «Այդ նպատակով անհրաժեշտ էին օրենսդրական կարգավորումներ` առանձին քաղաքաշինական, գոտիավորման փաստաթուղթ եւ ռազմավարություն: Նպատակ ունենք Երեւանի փոքր կենտրոնը բաժանել մի քանի ենթագոտիների` պահպանվող լանդշաֆտներ, ազգային եւ այլն: Այդպիսով կարողանալու ենք լուծել կառուցապատման խտության հարցը, որն էլ թույլ կտա իրականացնել հավասարաչափ կառուցապատում»: Նարեկ Սարգսյանի ներկայացմամբ` առաջին անգամ ներդրվելու է ապահովագրության ինստիտուտ, որը վերաբերելու է կառուցապատման ոլորտի բոլոր պատասխանատուներին` շինարարներին, փորձագետներին, նախագծողներին եւ այլն. «Խախտումների պարագայում էլ կմեծացվեն տուգանքներն ու պատասխանատվությունը»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հարց ուղղելով նախարարին, նկատեց, որ այս ծրագրի իրականացման համար խոսվում էր 70 մլն դրամ ծախսի մասին, մինչդեռ Երեւանի քաղաքապետը վստահեցրել է, թե չորս անգամ ավելի է անհրաժեշտ: Նարեկ Սարգսյանը պատճառաբանեց` կա կարգ, որով էլ առաջնորդվելու են. «Ծրագրի իրականացման համար Կառավարությանը մասնակցությունը լինելու է 60 մլն դրամ, որը վերաբերելու է ռազմավարությանը, իսկ մնացածը կարվի քաղաքապետարանի հաշվին»: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հետաքրքրում էր` արդյոք կառուցապատողի վրա դրվելո՞ւ է նաեւ կանաչապատման, ինչպես նաեւ` հարակից շենքերի լուսավորության պահանջ: Նարեկ Սարգսյանի խոսքերով` փոխահատուցողական կանաչապատում. «Կանաչապատման ծրագիր կիրականացվի հարթ կտուրների վրա, ինչպես նաեւ` կլինի ուղղաձիգ կանաչապատում: Ամբողջ փոքր կենտրոնի համար գոտեւորման մանրամասն նախագիծ կլինի»: Քննարկվող հարցը հետաքրքրել էր Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Նրան հետաքրքրում էր բազմաբնակարանային շենքերը. պարոն Բեգլարյանն առաջարկում էր այս հարցում եւս կատարել փոփոխություններ եւ բարելավումներ: Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ կարգավորվելու են շենքերի մասանդրային հարկերը, թույլատրվելու է հարկերի բարձրացում միայն ներկայացված լիարժեք նախագծերի պարագայում: Այս ամբողջ քննարկմանը լուռ հետեւող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրեց իրեն եւս ներգրավել քննարկումներին: «Աշխատեք»,- բոլորին կոչ արեց վարչապետն` ավելացնելով. «Ինչքան հնարավոր է, շատ հարցեր տվեք, քննարկեք, որ բոլոր բացթողումները վերացվեն»: