Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողագործների հետ թեև պայմանագրեր չեն կնքվել, սակայն նրանց բերքը կմթերվի

Տնտեսություն
unnamed210

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր` խաղողի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այցի սկզբում նախարարը մասնավորապես եղել է Երևանի «Արարատ գինու, կոնյակի, օղու կոմբինատի» Արմավիրի մասնաճյուղում, ապա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մեկնել է «Շահնազարյան գինու կոնյակի տուն» ընկերություն: Մինչ այդ նախարարը հանդիպել է նաև մարզի խաղողագործների հետ,  ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև նորատունկ այգիների խաղողի մթերման կազմակերպման հարցին: Այս կապակցությամբ նախարարը տեղեկացրել է, որ չնայած այս դեպքում խաղողագործների հետ մթերման համապատասխան պայմանագրեր չեն կնքվել, սակայն ընկերությունները պատրաստ են  նրանց բերքը նույնպես մթերել: Նախարարը նաև հավելել է, որ մարզում ներկայումս վերամշակող 16 ընկերություններից 12-ն արդեն սկսել են մթերման գործընթացը: «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում», որտեղ երեկվանից տրվել է խաղողի մթերման մեկնարկը, ընկերության գործադիր տնօրեն Արմեն Զաքարյանը նախարարին տեղեկացրել է` նախատեսում են մթերել ընդհանուր առմամբ շուրջ 20 հազար տոննա խաղող, այդ թվում` նաև նորատունկ այգիներից: «Շահնազարյան գինու կոնյակի տուն» ընկերությունում, որը նախարարի այցի երկրորդ կանգառն էր,  խաղողի մթերման աշխատանքներն այսօր են մեկնարկել: Ընկերության տնօրենի խոսքով` այս տարի իրենց կողմից մթերված խաղողի ծավալները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը: Նախարարը հորդորել է մթերել  խաղողագործների կողմից առաջարկվող արտադրանքի ամբողջ ծավալը: Այցի շրջանակում նախարար Կարապետյանը եղել է նաև  «Արարատ գինու, կոնյակի, օղու կոմբինատի» Մասիսի  մասնաճյուղում և Տափերականի «Ա.Կ.Զ.» ընկերությունում, որտեղ նույնպես այսօրվանից մեկնարկել է մթերման գործընթացը: Նախարարը շրջել է վերոնշյալ ընկերություններում, հետևել ընթացիկ աշխատանքներին: Նախարարին հավաստիացրել են, որ խաղողի մթերումների գործընթացը ընթանում է սահուն կերպով և առանց խոչընդոտների: unnamed1 Այցի ավարտին նախարար Սերգո Կարապետյանը եղավ նաև Դալար համայնքի «Արեգակ» ընկերությունում, որտեղ այսօրվանից մեկնարկել է խաղողի մթերումը։  Այստեղ նախարարին վստահեցրել են, որ նախորդ տարվա մթերման ծավալները ընթացիկ տարում կպահպանվեն, դեռ ավելին` հավելյալ առաջարկի դեպքում այն ևս  առանց որևէ խնդրի կմթերվի: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին