Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետաքրքիր է ներդրում անել մի ոլորտում, որն ազատված է հարկերից

Տնտեսություն
unnamed141

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Colle Doro» ընկերության պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է պտուղ-բանջարեղենի արտադրության մեջ և հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղություններից է, և վերջին տարիներին ոլորտում  գրանցվում է կայուն առաջընթաց: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսական մթերքների արտադրության համար` կարծում եմ, որ ներդրումային տեսակետից մեր երկիրը բավականին հետաքրքրական կարող է լինել, քանի որ գյուղատնտեսության ոլորտը ազատված է  հարկերից», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Ներդրումների իրականացման առումով առավել նպատակահարմար ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է ջերմոցային տնտեսությունների ստեղծման, պտղատու այգիների հիմնման, նոր գինեգործական ընկերությունների ստեղծման հնարավորությունը: Նախարարը կարևորել է նաև անասնապահության ոլորտը` որպես ներդրումային կարևոր ուղղություն, որի զարգացումը թույլ կտա ոչ միայն ավելացնել մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալները, այլև ընդլայնել պանրի արտադրանքի տեսականին: Ընդգծելով, որ հայկական պանիրը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան, հատկապես ռուսաստանյան շուկայում` նախարարը հավելել է, որ այս ոլորտում ներդրումների իրականացումը կնպաստի արտադրատեսակի արտահանման ծավալների աճին: Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտով և ներկայումս ուսումնասիրում են ներդրումային առումով առավել հեռանկարային ուղղությունները: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել իտալացի գործարարներին Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեռկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին