Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի 21-ի համար նախարարությանը ոչ թե 5, այլ 27,5 մլն դրամ է հատկացվել

Կարևոր լուրեր Հասարակություն
hasmik

Այսօրվա կառավարության նիստում գործադիրի որոշմամբ՝ Մշակույթի նախարարությանը պահուստային ֆոնդից կհատկացվի 5 մլն դրամ` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով: Սա հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ «Մեր թատրոնի ներսում որևէ միջոցառում չի լինելու»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը։ Նա նշեց, որ Օպերայի տարածքում բացօթյա համերգ է սպասվում, իսկ իրենք աշխատելու են բնականոն ձևով։ «Դա ամսի 20-ի Օպերային թատրոնի ներսում «Ջազ փարքինգ» և ամսի 21-ի բացօթյա համերգների համար է»,-պարզաբանեց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ Պարզվում է՝ Մշակույթի նախարարությանն ավելի վաղ 22,5 մլն դրամ է տրամադրվել՝ այս տարվա անկախության տոնի միջոցառումները կազմակերպելու համար։ Փոխնախարարը նշեց, որ մոտ երկու ամիս է՝ պատրաստվում են միջոցառումներին. «Պարզապես գումարը մի փոքր քչություն արեց, այդ իսկ պատճառով կառավարության կողմից լրացուցիչ գումար տրամադրվեց»։ Հարցին, թե արդյո՞ք շատ չէ գումարը միայն այս միջոցառման համար, երբ երկրում բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Իհարկե, 27,5 մլն դրամը շատ չէ, եթե հաշվի առնենք, թե բացօթյա համերգի համար ինչ ծախսեր են անհրաժեշտ։ Սա մեր թիվ մեկ տոնն է հանրապետության և հասարակության համար։ Խնայել ցանկացած միջոցառման ժամանակ պետք է, բայց կարծում եմ, որ այս գումարը մեծ չէ»։