Նաիրիտցիներն իրենց խնդիրները լուծված չեն համարում (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց էին: Նրանք պնդում են, որ իրենց ստիպել են ստորագրել տույժ ու տուգանքների իրավունքից հրաժարվելու մասին համաձայնագիր. «Մենք գտնում ենք, որ այդ պայմանագիրը ապօրինի է, այն առոչինչ է, և բոլորս հրաժարվում ենք այդ պայմանագրից, ու շարունակելու ենք մեր պայքարը»: Մեկ այլ նաիրիտցի էլ նշում է. «Եթե ոնց որ այդ գումարի պայքարում էինք և միասնական ու անզիջում եղանք, նույն հաջողությունը կունենանք նաև տույժ տուգանքի վերադարձման հարցում»: Նաիրիտցիները պայքարը շարունակելու են նաև այլ ուղղությամբ։ Նրանք փակված չեն համարում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը` չնայած համաշխարհային բանկի տված գնահատականին, որ գործարանի վերագործարկումը աննպատակահարմար է: «Զախարյանի վերջին խոսակցությունից Ազգային ժողովում զգացվեց, որ նրանք միանշանակ գործարանը տանում են դեպի փակել: Ի՞նչ սուտ խոսակցություն է` ներդնող չկա»,- ասում են նաիրիտցիները: Վերոնշյալ պահանջների կատարմանը հասնելու համար նաիրիտցիներն այսուհետ ամեն հինգշաբթի կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց: Առաջիկա օրերին նրանք պատրաստվում են նաև մասնակցել Ազգային ժողովում այս հարցով լսումներին: