«Ով լավ է աշխատում, լավ էլ ապրում է». մարզպետ
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքում ամեն տարի խաղողի մթերման հետ կապված, մեղմ ասած, խնդիր է լինում։ Մեկ անգամ չէ, որ գյուղացիները փակել են ճանապարհը, հանդիպում պահանջել գյուղնախարարի հետ։ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը վստահեցնում է, թե այս տարի խնդիր չի առաջանա. «Ամբողջ բերքը մթերվելու է»։ Վարչապետն օրեր առաջ խոստացավ, թե 180 դրամով խաղողը մթերվելու է։ Սակայն մարզպետն այլ բան է նշում. «180 դրամը բացառվում է, երևի 200»։ «Ա1+»-ի հարցին, թե հնարավոր չէ՞ մթերումն այնպես կազմակերպել, որպեսզի գյուղացին մթերելու խնդիր չունենա, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Դա նորմալ իրավիճակ է, բնականոն, որ իրարանցում է լինում մթերման ժամանակ։ Բայց որևէ մթերող ընկերություն չի կարող հրաժարվել գյուղացու խաղողից, այստեղ գնի խնդիրն է։ Գյուղացին իր ապրանքն ավելի թանկ է ուզում վաճառել, իսկ մթերողը՝ ցածր գնով վերցնել»։ Մարզպետի գնահատմամբ՝ գյուղատնտեսական տարին հաջող էր՝ չհաշված հացահատիկի բերքը։ Հինգ սահմանակից գյուղ ունեցող մարզում խնդիրները քիչ չեն։ Բայց պարոն Սարգսյանը շեշտում է, թե տարվա ընթացքում շատ ներդրողներ են ունեցել։ Նրա խոսքով՝ մարզից արտագաղթը շատ չէ։ Այժմ մոտ 58.000 բնակիչ կա։ «Աշխատավարձերը ցածր են, բայց կարծում եմ՝ կկարգավորվի այդ հարցը»։ Մարզպետը կողմ է համայնքների խոշորացմանը։ «Երբ Վայքում համայնքի ղեկավար էի, այդ բյուջեով միայն եղածն էինք կարողանում պահել։ Կարծում եմ, որ խոշորացումը ճիշտ է, քանի որ շատ գյուղեր լճացած վիճակում են, փոփոխություն է պետք։ Իսկ որ գյուղապետարաններից աշխատակիցներ են կրճատվելու, կարծում եմ՝ այդ աշխատավարձերի գումարները չեն փոշիանա»։ Շուտով կշահագործվի մարզի սպանդանոցը։ Ջերմուկի առողջարաններից մի քանիսն էլ կնորոգվեն։ «Ով լավ է աշխատում, լավ էլ ապրում է»,-կարծում է պարոն Սարգսյանը և ճիշտ չի համարում, երբ բնակիչներն անդադար դժգոհում են իրենց կենսակերպից։