Դահլիճը լքեց նաեւ Գալուստ Սահակյանը
ԱԺ լիագումար նիստում այսօր Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծը: Նա մոտ երկու ժամ պետք է ներկայացնի նոր Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ: Ընդմիջումից հետո նիստերի դահլիճը կիսադատարկ էր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցությանը, որի պատգամավորները դեռ չէին մտել դահլիճ, ասաց. «Մեր գործընկերները երեւի նեղացել, չեն եկել, քանի որ Հ1-ով ուղիղ եթեր չենք ապահովել: Սակայն, ուզում եմ ասել, որ առանց Հ1-ի էլ կարող են առաջարկներ ներկայացնել ԱԺ-ում ու քննարկենք»: Այդ պահին դահլիճում էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը Գալուստ Սահակյանին մատնացույց արեց ՀՀԿ խմբակցության աթոռները, որոնք գրեթե դատարկ էին: «Ձեր խմբակցությունն այնքան է մասնակցել քննարկումներին, որ մեր խմբակցությունը կարող է եւ չմասնակցել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Քիչ անց դահլիճը լքեց նաեւ Գալուստ Սահակյանը: