Միգրանտների ներհոսքը խնդիրներ է առաջացրել. Եվրոպան միջոցներ է ձեռնարկում
Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով միգրանտների ներհոսքը Եվրոպա խնդիրներ է առաջացրել մի քանի երկրներում: Դրանք լուծելու համար Գերմանիան ժամանակավորապես ստուգումներ կսկսի անցկացնել սահմանային անցակետերում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը: «Ուշադրության կենտրոնում կլինի հատկապես Ավստրիայի հետ սահմանը,- ասել է Մեյզերը: Այս միջոցառումների նպատակն է սահմանափակել միգրանտների հոսքը Գերմանիա»: Այդ երկիրը երեկ հայտարարել է 13 ժամով երկաթուղային երթևեկությունը Ավստրիայից Գերմանիա և հակառակ ուղղությամբ դադարեցնելու մասին: Այն կվերականգնվի միայն այսօր երեկոյան: Գերմանացի նախարարի հայտարարությունից ժամեր անց Ավստրիայում՝ գերմանական սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա, հայտնաբերվել է ավելի քան 40 միգրանտ, որոնք թաքնվել էին բեռնատարի սառնարանում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Միջազգային մեկ այլ աղբյուր՝ Reuters-ը հայտնում է Հունգարիայի իշխանությունների կողմից նոր միջոցառումներ անցկացնելու մտադրության մասին: Արդեն երեքշաբթի օրվանից նրանք սահմանին գտնվող միգրանտներին կհարցաքննեն՝ ապաստան ստանալու համար: Իշխանությունները միաժամանակ զգուշացնում են՝ «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն չհամագործակցել իշխանության ներկայացուցիչների հետ կամ կցանկանան ապօրինի հատել սահմանը, կձերբակալվեն ու հնարավոր է նաև՝ ազատազրկվեն»: Reuters-ը տեղեկացնում է նաև այս օրերին դեպի Շվեդիա, Նորվեգիա, Գերմանիա, Ավստրիա ուղղված միգրացիոն նոր հոսքերի մասին: Ավելացնենք, որ սահմանային հսկողության ուժեղացման մասին հայտարարել են նաև Չեխիան և Ավստրիան: Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կհանդիպեն՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը: