Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը տապալել չի հաջողվի. ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
e30c1ffd8bb70dabb7d4fcf6e1d0c72e

Կառավարման խորհրդարանական համակարգը չափազանց դրական արդյունք է ունենալու ու բարձրացնելու է կուսակցությունների դերը մեր կյանքում. համոզված է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը։ Ըստ նրա, խորհրդարանական համակարգ ունեցող որևէ երկիր չկա, որը ժողովրդավարական չէ. «Մենք էլ ենք սկսում գործընթաց՝ արդյունքում դառնալու ենք էլ ավելի ժողովրդավարական երկիր»: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին, պարոն Մարտիրոսյանը նշեց. «Բոլոր քաղաքական ուժերը դեմ չեն, դեմ են որոշ անհատներ, որոնք պարզ չէ, թե ինչին են դեմ, նրանք առհասարակ դեմ են ամեն ինչին, ինչ անում է իշխանությունը։ Օրինակ տարիներ շարունակ կողմ են եղել խորհրդարանական կառավարման համակարգին, ընդհուպ մինչեւ մի քանի ամիս առաջ առավոտից երեկո դրա մասին էին խոսում, հիմա պարզ չէ՝ ինչ են ուզում»։ Պատասխանելով հարցին, թե սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները հիմնականում նշում են, որ փոփոխությունների հիմնական նպատակն է իշխանության վերարտադրությունը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բոլոր երկրներում էլ բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են իրենց իշխանությունը հնարավորինս երկար պահել. «Քրեական, կրիմինալ բան չկա, դա բնական է, քաղաքական ցանկություն է»,- ասաց նա ու հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոնը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ժողովրդին դուրս է բերելու հրապարակ, «Ժառանգությունը» փակ քննարկումներ է անում՝ «ոչ»-ի ճակատ ձեւավորելու համար, «Չեք անցկացնի» շարժում է ձեւավորվել ,եւ վստահեցնում են, որ տապալելու են գործընթացը մինչեւ հանրաքվեն, ըստ Ձեզ կհաջողվի՞. այս հարցին ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Այնքան ակնհայտ է, որ իրենց որեւէ բան չի հաջողվի, որովհետեւ որեւէ օրակարգ չկա»։