Ինչո՞ւ է Ալիևը թեժացնում իրավիճակը սահմանին
«Միջազգային քաղաքականության ու հարաբերությունների շատ գործոններ կան, որոնք չնայած ուղղակիորեն կապված չեն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն անմիջականորեն ազդեցություն են ունենում մեզ վրա: Մենք այդ ազդեցությունը զգում ենք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով»,- նշում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ կարևոր է հատկապես, թե Մինսկի խմբի համանախագահ երկրներն ինչքանով են ներգրավված միջազգային կոնֆլիկտներում. «Հայտի է, որ լարված է Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները: Նրանք միջազգային ճակատում պայքարը տանելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Մեզ վրա կարող է ազդել նաև այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում: Չնայած այդ երկիրը Մինսկի խմբի համանախագահող երկիր չէ, այնուամենայնիվ՝ շահագրգիռ կողմ է և շահեր ունեցող պետություն է»: Պարոն Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «պահվածքի ու նյարդային ջղաձգումների» վրա: «Կարող ենք հիշել՝ տարիներ առաջ, երբ Հիլարի Քլինթոնը կամ Սերգեյ Լավրովն այցելում էին տարածաշրջան, ակտիվանում էր ադրբեջանական զինուժը, մեծանում են կրակահերթերի ու զոհերի թիվը, մինչդեռ Եվրոպական խաղերի ողջ ընթացքում իրավիճակը սահմանին խաղաղ էր: Սահմանին լարվածությունը պահելով՝ Ալիևն ուզում է միջազգային «խաղացողներին» հիշեցնել, որ նրանք անտեսում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը, փոխարենն ակտիվ են, օրինակ, Մերձավոր Արևելքում: Ալիևը ԼՂ խնդիրը «չմոռացնելու» խնդիր է լուծում»,- հավելում է նա: