2016-ին Ռուսաստանը կփակվի Հայաստանի առաջ. Հայկ Գեւորգյան
«Եվրասիական տնտեսական միություն մտնելուց առաջ մեզ ասում էին, որ Հայաստանը դուրս է գալու 170 միլիոնանոց շուկա, ինչը թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները եվ զարկ տալ տեղական արտադրությանը, սակայն իրականության մեջ տեսնում ենք, որ Ռուսաստանն ուղղակի կուլ է տալիս Հայաստանի տնտեսությունը»,- ի՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ միեւնույն միության կազմում հարցին ի պատասխան նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը: Ըստ նրա՝ օրինակ ջերմոցային պայմաններում լոլիկի արտադրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ 1000 խորանարդ գազ օգտագործելու համար Հայաստանի բնակիչը ստիպված է վճարել 325 դոլար, մինչդեռ Ռուսաստանում նույն ծավալի գազի գինը 180 դոլար է. «Սրանից հետեւություն, որ Ռուսաստանում տվյալ ապրանքն արտադրելն ավելի շահավետ է, քան Հայաստանում եւ արդեն 2016 թվականին Ռուսաստանը կփակվի Հայաստանի առաջ, Ռուսաստանից Հայաստան լոլիկ ներմուծելն ավելի շահավետ կլինի, քան այստեղ արտադրելը: Սա վերաբերում է նաեւ այլ ապրանքներին»: Պարոն Գեւորգյանի տվյալներով՝ 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կազմել է 308 միլիոն դոլար, մինչդեռ 2015-ին այն կկազմի մոտ 220 միլիոն դոլար «Ռուսաստանի շուկան դանդաղորեն, սակայն փակվում է մեր առաջ»,- նշում է նա: Ի՞նչ ելք ունի այս պայմաններում Հայաստանը, ինչպե՞ս խուսափել նման զարգացումից, Հայկ Գեւորգյանը «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ նշում է. «Միակ ելք այն է, որ ԵՏՄ-ն ինքը կործանվի, կամ էլ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն ու Հայաստանին դուրս դնեն այդ կառույցից»: