Ոչ մի թմրամոլ ինքնակամ չի դիմում բուժման (տեսանյութ)
Թմրանյութերի նկատմամբ կախվածությունը հնարավոր է հաղթահարել: Տեսախցիկի առջև հասկանալի պատճառներով ներկայանալ չցանկացող տղամարդն իր օրինակով է դա վստահեցնում: «Իմ խնդիրն էր եղել մենակ առավոտից իրիկուն թմրանյութեր ճարեմ, իմ ուղեղը մենակ դրա վրա է աշխատել , որտեղից ճարեմ , ոնց օգտագործեմ»,-պատմում է նա։ Արդեն 7 տարի է, ինչ տղամարդը հրաժարվել է թմրամիջոցներից։ Մեկ տարի է նաև հաճախում է Արարատյան հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»։ «Կոչ եմ անում բոլոր երիտասարդներին, որ կյանքում չփորձեն, որովհետև հաճույքը դառնում է կախվածություն ու մարդիկ սաղ կյանքն ու ամեն ինչ կորցնում են։ Ես, օրինակ, ամեն ինչ կորցրել էի , բայց հետո Աստված ինձ ճամփա ցույց տվեց ու ես գոհ եմ Աստծուց»,-նշեց նա։ Թմրանյութերի կախվածությունից կամ ալկոհոլիզմից բուժվելու համար պետք է փոխել մարդու իրավագիտակցությունն ու հոգեբանությունը, հակառակ պարագայում ստիպողաբար բուժումը կլինի անարդյունավետ։ Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի ղեկավար Վալենտինա Նովիկովան իր դիտարկումներն է ներկայացնում։ «Ոչ մի թմրամոլ և ոչ մի ալկոհոլիկ ինքնակամ չի ուզում բուժվել , նրանք սեփական կամքով երբեք չեն գալիս բուժման; Ես իմ 20 տարվա պրակտիկայում նման բան չեմ տեսել, բայց կա պահվածքի տեսակ, որը կոչվում է մոտիվացիա, որով զբաղվում են մասնագետները»,-«Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Վալենտինա Նովիկովան։ Իսկ լինում են արդյո՞ք դեպքեր, երբ կախվածություն ունեցող անձիք դիմում են հոգևոր օգնության։ «Դեպքերը հիմա առավել ևս շատ են, երբ որ կախվածություն ունեցող մարդիկ իրենց քայլերն ուղղում են դեպի եկեղեցի։ Ցավոք սրտի, սա լինում է մեծամասամբ այն դեպքում, երբ որ մարդիկ այլևս սպառել են բոլոր միջոցները՝ վերականգնելու իրենց առողջությունը և ձերբազատվելու իրենց կախվածությունից։ Մենք փորձում ենք օգտակար լինել իրենց, նրանց մեջ արթնացնել հավատը և այս միջոցով օգնել նրանց ազատվել իրենց կախվածությունից»,- մեզ հետ զրույցում ասում է Արարատյան հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոնի» տնօրեն Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։