Եռօրյա ժամկետում կորոշվի Վարդան Պետրոսյանի աշխատանքի հարցը
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը երեկ ստացել է դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Պայմանագիրը ստացվել է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից, որտեղից օրեր առաջ աշխատանքի առաջարկ էր ստացել դերասանը։ Նշենք, որ պրոդյուսերական կենտրոնը գտնվում է Վազգեն Սարգսյան 7 հասցեում՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում։ «Պայմանագիրը կուսումնասիրվի եռօրյա ժամկետում և որոշում կկայացվի»,-նշեց պարոն Ղլեչյանը։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը սպասողական վիճակում է։ «Տեսնենք, թե ե՞րբ որոշումը կկայացվի»,-ասաց նա։ Նշենք, որ դերասանն այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով, այսինքն, առավոտյան ժամը 08.00-ից կարող է դուրս գալ ՔԿՀ-ից և վերադառնալ 20.00-ին։ Նա երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է կալանավայրում լինի։ «Օվացիա»-ից հաստատեցին, որ Վարդան Պետրոսյանին պրոդյուսերի աշխատանք է առաջարկվել։ Նշենք, որ նրան աշխատանքի հրավեր է եղել նաև Տիկնիկային թատրոնից։ Թե որտեղ կաշխատի դերասանը, դեռ վերջնականապես հստակ չէ։