Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտվածի վիճակը շարունակում է մնալ ծանր

Հասարակություն
55667

Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեջ մեղավոր ճանաչված եւ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց նրա պաշտպան Գրիշա Բալասանյանը, Սողոմոն Քոչարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ։ Նրա հիվանդության մասին ախտորոշումները համապատասխանում են Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, սակայն անկախ հանձնաժողովը դեռ նիստ չի գումարում։ Նրա խոսքերով՝ գործընթացը շատ երկարատեւ է եւ դանդաղ է ընթանում, սակայն վերջնական որոշումը կայացնելու է դատարանը։ «Եթե մարդը բարձրագույն արժեք է, րոպե առաջ պետք է նիստ գումարեն։ Սողոմոն Քոչարյանի համար յուրաքանչյուր րոպեն նշանակություն ունի»,- ասաց Գրիշա Բալասանյանը։ Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ հանձնաժողովի նիստն արագ կազմակերպելու համար։ Արդեն 21 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալը օգոստոսի 26-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Այս տարիների ընթացքում նա կորցրել է կնոջն ու աղջկան։ Աղջկա ինքնասպանությունից հետո Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակն էլ ավելի է վատացել։