94 մետրանոց շտրուդել՝ Երևանում (լուսանկարներ) (տեսանյութ)
94 մետրանոց ավստրիական ձևով պատրաստված շտրուդել՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց։ Արդեն 8-րդ տարին անընդմեջ Երևանում անցկացվում է «Ավստրիական օր Մարիոթում» խորագրով ինքնատիպ ակցիան։ Ճաշակելով 800 դրամ մեկ կտորի դիմաց վիեննական շտրուդելը՝ քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցելու խաղարկությանը և շահելու միջոցառման գլխավոր մրցանակը՝ ուղևորություն երկու անձի համար դեպի Վիեննա:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի վաճառքների և մարքեթինգի գծով համակարգող Մարիամ Օհանյանի տեղեկացմամբ՝ գլխավոր մրցանակից բացի, կան նաև 7 այլ մրցանակներ, որոնցից մեկն էլ շեֆ-խոհարարի կողմից պատրաստված մեկ մետրանոց շտրուդելն է որպես նվեր։ Ակցիան տևելու է միայն այսօր։ 18։30-ից հետո սկսվելու է խաղարկությունը։ Հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով։
«Ութ տարի առաջ, երբ որ նախաձեռնությունը սկսվեց՝ ուղղակի հետաքրքրիր միջոցառում անելու գաղափար էր սա, բայց երբ որ տեսանք, որ այցելուներին դուր է գալիս, ժամկետից շուտ զանգում են հարցնում են , թե երբ է լինելու, ինչ մրցանակներ են նախատեսված, սա էլ հենց մեզ դրդեց, որ տարեցտարի էլ ավելի լավ ու ճոխ կազմակերպենք այս ակցիան։
Մտածում ենք նաև, որ հաջորդ տարիներին ավելի երկար պատրաստենք, միգուցե այնպես ստացվի, որ ամբողջ հրապարակով որոշենք պատրաստենք ու այդպիսով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվենք նաև։ Անցյալ տարի, օրինակ, 84 մետրանոց շտրուդել էինք պատրաստել, դրանից ավելի վաղ՝ ավելի կարճ էին, բայց հիմա հետզհետե ուզում ենք երկարությունն ավելացնել։
Նախաձեռնությունը գալիս է մեր նախկին շեֆ-խոհարարից, ով ազգությամբ ավստրիացի էր ու հենց իր գաղափարն էր, նա է սկիզբը դրել այս միջոցառման։
Նպատակ ունենք այսկերպ մեր քաղաքացիներին ծանոթացնել ավստրիական մշակույթին, ամրապնդել հայ-ավստրիական միջմշակութային կապերն ու կիսվել խոհարարական հմտություններով», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մարիամ Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում