«Նաիրիտ»-ի սնանկության հայցի քննությունը հետաձգվեց երկար ժամանակով (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի սնանկացման հայցով ՀԷՑ-ի քաղաքացիական հայցադիմումի քննությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 18-ը, ժամը 14:15: Հայցի քննության հետաձգման միջնորդություն ներկայացրեց «Նաիրիտ»-ի շահերի ներկայացուցիչ Արմեն Աբովյանը: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՀԷՑ-ի հայցադիմումի 2-րդ դատական նիստն էր, որին ընկերության ներկայացուցիչը չէր ներկայացել։ Նիստի սկզբում «Նաիրիտ»-ի շահերի ներկայացուցիչը դատավոր Արմեն Չիչոյանին խնդրեց արգելել լրատվամիջոցներին` նկարահանումներ կատարել: Իսկ դատավորի այն հարցին, թե արդյոք «Նաիրիտ»-ի ներկայացուցիչը ցանկանում է նիստը շարունակել առանց ՀԷՑ ներկայացուցչի, Արմեն Աբովյանը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում. «Դա անհնարին է, քանի որ կան մի շարք հարցեր` կապված փոխադարձ պարտավորությունների հետ: Ավելի կոնկրետ չեմ կարող ասել` ինչ, սակայն կողմի հետ կարող ենք գալ ընդհանուր համաձայնության. բանակցություններն ընթանում են, ներկայացվել են մի շարք առաջարկություններ»: Դատավոր Չիչոյանը հետաքրքրվեց` արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նախորդ նիստում առաջարկված կողմերի հաշտեցումը հնարավոր է դառնում եւ արդյոք «Նաիրիտ»-ի շահերի ներկայացուցչի խոսքերից բխում է, որ ստեղծվում են այլ հնարավորություններ, որոնց միջոցով հնարավոր է վճարել «Նաիրիտ»-ի պարտքերը եւ վերացնել սնանկության գործընթացը: Արմեն Աբովյանը պատասխանը դրական էր եւ այդ պատճառով էլ նա խնդրեց դատարանին` որքան հնարավոր է երկար ժամակով երկարաձգել դիմումի քննությունը: Ի դեպ, Արմեն Աբովյանը բավականին ագրեսիվ էր տրամադրված լրագրողների նկատմամբ եւ անգամ դատական նիստից հետո հրաժարվում էր տեսախցիկների առջեւ պատասխանել հարցերին: